Բորժոմիի սակրեբուլոյի նախագահին և քաղաքապետին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել փետրվարի 29-ին: «Բորժոմիի քաղաքապետ Լևան Լիպարտիային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ «բ» ենթակետով և 236-րդ հոդվածի չորրորդ մասով: Բորժոմիի սակրեբուլոյի նախագահ Գեորգի Գոգիչաիշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» ենթակետով, իսկ նրանց հետ կալանավորված քաղաքացի Գեորգի Ուլումբելաշվիլիին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով», – ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Բորժոմիի քաղաքապետի Լևան Լիպարտիայի փաստաբան Գագա Մոսիաաշվիլիի հայտարարության համաձայն, իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում և նրանք մտադիր են օրինական պայքար մղել:
Դատարանն այսօր ժամը 15:00-ին կքննարկի Բորժոմիի սակրեբուլոյի նախագահի խափանման միջոցն ընտրելու հարցը:
Ինչի՞ համար են ձերբակալվել Բորժոմիի քաղաքապետն ու սակրեբուլոյի նախագահը
Հիշեցնենք, որ Բորժոմիի քաղաքապետ Լևան Լիպարտիան և սակրեբուլոյի նախագահ Գիորգի Գոգիչաիշվիլին ձերբակալվել են կաշառք վերցնելու մեղադրանքով: Իսկ քաղաքացի Գ.Ու.-ն ձերբակալվել է ծանր հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով:
Բորժոմիի քաղաքապետին սպառնում է ազատազրկում՝ 7-ից 11 տարի ժամկետով, սակրեբուլոյի նախագահին՝ 11-ից 15 տարի ժամկետով, իսկ Լևան Լիպարտիի ընկերոջը՝ 3-ից 7 տարի ժամկետով:jnews.ge