Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն զգուշացնում է՝ Վրաստանը մեծամասշտաբ համաճարակի շեմին է:
Փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավարակի առաջին դեպքը: Մինչ այս պահը վարակը լաբորատոր հաստատվել է 90 մարդու մոտ: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով մի շարք քայլեր են ձեռնարկվել: Մինչ ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն է:
Գամկրելիձեն հիշեցրել է՝ այդ ընթացքը համընկնում է քրիստոնեական գլխավոր տոների հետ: Ապրիլի 12-ին նշվում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, իսկ ապրիլի 19-ին՝ Զատիկն է: Մասնագետն ասում է՝ այս թեման զգայուն է բնակիչների մեծ մասի համար, սակայն նույնիսկ զատկական տոներին բնակիչները պարտավոր են լինելու պահպանել արտակարգ դրությամբ նախատեսված կարգը:
«Ինձ համար շատ դժվար է սա ասել, սակայն հանուն մեր բնակչության կյանքի ու առողջության, մենք պետք է հետևենք կոչերին ու անպայման կատարենք համաճարակաբանների հրահանգները: Հակառակ դեպքում՝ այս 4 շաբաթների ընթացքում մեծ հավանականություն կա, որ երկրում մեծ մասշտաբի համաճարակի սկիզբ է դրվելու: Տեսնում եմ, որ մարդիկ սկսել են նորից հավաքվել խմբերով, փողոցներում են՝ մեքենաներով ու ոտքով: Սա կարող է բերել չվերահսկվող իրավիճակի, ինչպես Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում: Այս երկրները ավելի ուժեղ են, քան Վրաստանը՝ տնտեսական ու առողջապահական տեսանկյունից: Մեզ իրական վտանգ է սպառնում », — ասել է Գամկրելիձեն՝ երկրի հանրային հեռուստաընկերության եթերում:
Գամկրելիձեն ասում է՝ 3 վարակակիրների վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել, սա է պատճառը, որ Վրաստանում մեծ է վարակի չվերահսկվող տարածումը:
Առողջապահության ոլորտի մասնագետը եթերից կրկին կոչ է արել սոցիալական հեռավորություն պահպանել, խուսափել անմիջական կոնտակտից:aliq.ge