Նինոծմինդա քաղաքի բնակիչ Զորքին Սահակյանը դժգոհություն է հայտնում, որ կառավարություն վերահսկողություն չի իրականցնում ալյուրի և մթերքի գների նկատմամբ:
՛՛Պարտադիր դիմակ կրելու մասին ոոշում կայացնելու փոխարեն թող հետևեն մթերքի և ալյուրի գներին: Պետք է վերահսկեն, որպեսզի նույն ապրանքը տարբեր գներով չվաճառվի: Ինչու՞ Փոկայում և Գանձայում մթերքը ավելի էժան է, իսկ Նինոծմինդայում՝ ավելի թանկ՛՛,-բողոքում է Զորքինը:
Զորքինը նշում է նաև, որ օրեր առաջ գյուղից մի կին էր եկել Նինոծմինդա ալյուր գնելու և հետը վերցրել էր 51 լարի, սակայն չկարողացավ գնել, քանի որ ալյուրի գինը այդ պահին 60 լարի էր դարձել:
Գների համատարած բարձրացումից դժգոհ են Նինոծմինդայի մունիցիպալիտետի շատ բնակիչներ և նշում են, որ պետության կողմից վերահսկողություն չի իրականացվում: Մեր այն հարցին, թե արդյոք այդ հարցով դիմել են որևէ պատկան մարմնի, բնակիչները նշեցին ոչ:
Այսօր մենք ճշտեցինք, որ 50 կգ-ոց 1 պարկ առաջին կարգի ալյուրի արժեքը կազմում է 60 լարի, իսկ բարձրակարգ ալյուրի մեկ պարկինը՝ 70 լարի:
Մյուս մթերքների գները ևս բարձրացել են: Մասնավորապես 5կգ մակարոնի արժեքը կազմում է 8,50-13լարի, 1կգ հնդկաձավարի արժեքը՝ 4 լարի, 5կգ բրնձի արժեքը՝ 11,50-15 լարի:
Նշենք, որ համաձայն սուբսիդավորման պետական ծրագրի, 50 կգ-ոց 1 պարկ ալյուրի արժեքը չպետք է գերազանցի 51 լարին:
Սուբսիդավորման ծրագրի շահառուները պարտավոր կլինեն ներմուծված ցորենը վերամշակելու արդյունքում ստացված 50 կգ քաշով առաջին կարգի ալյուրը վաճառել ոչ ավելի, քան 51 լարիով: Հակառակ դեպքում, նրանք ստիպված կլինեն հետ վերադարձնել սուբսիդիան և տուգանք վճարել:
Գյուղնախարարությունը մշակել է «Սննդամթերքի գների պահպանման պետական ծրագիր», որն իրականացնելու է Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալությունը Պետական եկամուտների ծառայության հետ համատեղ: Նախագծի համաձայն, ներմուծող ընկերություններին մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում պետությունը պետք է սուբսիդավորեր, վճարելով ինը հիմնական սննդամթերքի գնային տարբերությունը: Այսպիսով, բրնձի, մակարոնեղենի, արևածաղկի ձեթի, ալյուրի, շաքարավազի, ցորենի, կաթի փոշու, հնդկացորենի և լոբու գները չպետք է բարձրանային: