Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անցանկալի է ստեղծել հասարակական հավաքատեղիներ, ուստի այս տարի Վրաստանի բնակիչները ստիպված կլինեն հրաժարվել բազմաթիվ ավանդույթներից: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
«Ուղիղ ձևով ասենք, որ այս տարի կորոնավիրուսի հետ միասին ապրելը նշանակում է հրաժարվել մեր շատ լավ ավանդույթներից, որոնք ունեն վրացիները, և ոչ միայն վրացիները: Մենք հատկապես սիրում ենք աշնանը նշել մեծ հարսանիքներ, բազմամարդ ծննդյան տարեդարձեր: Հավանաբար, այս տարի մենք ստիպված կլինենք հրաժարվել դրանցից», – ասել է Գամղրելիձեն:
Համաճարակաբանը հորդորել է քաղաքացիներին շարունակել պահպանել որոշակի սահմանափակումներ՝ չնայած դրանց պաշտոնապես վերացմանը:
«Որքան հնարավոր է շատ և ավելի երկար, պետք է ձեռնպահ մնալ մարդաշատ վայրերից: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ մարդիկ սոցիալական էակներ են և երկար ժամանակ չեն կարող լինել սոցիումից դուրս, և հասկանում ենք, որ հավաքների որոշակի թույլտվություն կլինի: Մեր առաջարկությունն այն է, որ երբ լինի բուժված մարդկանց մեծ, նոր վարակման դեպքերի և մահացությունների ցածր թվաքանակ, ապա աստիճանաբար կավելացվի հավաքների քանակը: Այս նկատառումով մենք պետք է կառավարենք գործընթացը: Նույնիսկ մեզնից ավելի հաջողակ երկրները ձեռնպահ են մնում մեծ հավաքներ անցկացնելուց: Կարծում եմ, որ որոշակի սահմանափակումները մոտ ժամանակներս պետք է մնան», – ասել է Խաթունա Զախաշվիլին:
Մայիսի 18-ից վրացական իշխանությունները վերացնում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ ավելի քան երեք հոգու մեկ վայրում հավաքի արգելքը: Միևնույն ժամանակ, պարետային ժամը դեռևս ուժի մեջ է մնում, ինչն արգելում է փողոցներում՝ ոտքով քայլելը կամ մեքենայով տեղաշարժվելը երեկոյան ժամը 9-ից մինչև առավորյան ժամը 6-ը: Արգելվում է նաև մեքենայով երկուսից ավելի ուղևոր տեղափոխելը, և նրանք պետք է նստեն բացառապես հետևի նստատեղին:
Փետրվարի 26-ից մայիսի 15-ը, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 671 դեպք, այդ թվում՝ 393 մարդ առողջացել է, իսկ 12 պացիենտ՝ մահացել:
Միևնույն ժամանակ, արդեն մի քանի օր է, ինչ կորոնավիրուսային վարակից բուժվածների թիվը գերազանցում է COVID-19-ի ակտիվ դեպքերի թվաքանակը:
Մասնագետները փաստում են, որ երկիրը խուսափել է հիվանդությունների թվի կտրուկ աճից: Ըստ կանխատեսումների, Վրաստանը կկարողանա ամբողջովին հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը մինչև հունիսի վերջ:
Միևնույն ժամանակ, փորձագետները հայտնում են, որ եթե անգամ ամեն օր 50 հիվանդ ընդունվի, առողջապահական համակարգը կկարողանա հաղթահարել հիվանդների այս հոսքը և հիվանդանոցներում պացիենտներին լիարժեք խնամք կապահովի: