Երեկ Ախալքալաքի կենտրոնական հատվածում կրակոցներ են հնչել, Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում վառվել են տներ: Նախնական տեղեկություններով` հնչած կրակոցների հետևանքով կա մեկ զոհ և մի քանի վիրավոր:
Ախալքալաքի բնակիչները «Հետք»-ին պատմել են, որ բախումը տեղի է ունեցել ծնունդով Դիլիսկա և Կուլիկամ գյուղի բնակիչների միջև, ովքեր դեռևս տարիներ առաջ ծագած վիճաբանություն են ունեցել:
Կուլիկամցի երեք եղբայրների և ծնունդով Դիլիսկա գյուղից Սամվել Գաբրիելյանի որդիների միջև երեկ կրկին բախում է տեղի ունեցել Ախալքալաքում: Հնչած կրակոցների հետևանքով մահացել է Կուլիկամի բնակիչ Վ.Մ.-ն, ինչից բորբոքված և վրդովված կուլիկամցիները հրդեհել են Ախալքալաքի կենտրոնական հատվածում գտնվող Սամվել Գաբրիելյանի հյուրանոցը, այնուհետև նրա և որդու տները, ինչպես նաև Կլիմենտ Քոսյանի և Գենա Զարմարյանի տները: Վերջիններս, ըստ մեր ստացած նախնական տեղեկությունների, նույնպես գտնվել են դեպքի վայրում:
Հրշեջ ծառայությունն հանգցրել է հրդեհները, սակայն ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրերը: Ախալքալաքում երեկ քաոսային վիճակ էր։
Վերակենդանացման բաժանմունքում է Սամվել Գաբրիելյանը, ով, ըստ մեր զրուցակիցների հայտնած տեղեկությունների, ծեծի է ենթարկվել: Այլ վիրավորներ ևս կան, նրանց մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են:
Ախալքալաքում են եղել հատուկ ջոկատայինները: Սակայն Վրաստանի իրավապահ մարմիններն առայժմ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կամ հայտարարություն չեն տարածել:
Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածների 3-րդ և 4-րդ կետերով:
Դրանցից 108-րդ հոդվածը վերաբերում է կանխամտածված սպանությանը, իսկ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը` ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը և կրելը:
«Առայժմ քննչական գործողություններ են ընթանում», – հայտարարել են Ներքին գործերի նախարարությունից:
Լուսանկարը՝ Jnews լրատվականի։