Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները դժգոհ են այն բանից, որ COVID-19 վարակվածների մասին տեղեկությունները մակերեսային են :
Նինոծմինդայի բնակիչ Մելս Բդոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ – «Ես կցանկանայի տեղեկանալ, թե որտեղ եւ քանի մարդ է վարակված: Եթե պետությունը վիճակագրություն է տրամադրում մունիցիպալիտետների համար, ապա մունիցիպալիտետը պետք է վիճակագրություն ներկայացնի գյուղերի համար: Երբ հաղորդվում է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսի 2 դեպք կա, ես ուզում եմ իմանալ, թե որտեղից են նրանք, որ գյուղից: Մունիցիպալիտետն ունի 31 գյուղ: Եթե տեղեկացված եք, ուրեմն պաշտպանված եք»:
Բդոյանը նաեւ հավելեց, որ լավ կլինի, եթե քաղաքապետարանի համապատասխան մարմինները տեղեկանան մանրամասների մասին: Վարակվածների անուններն ու ազգանունները պետք չէ անվանել, գլխավորն այն է, որ իմանան հիվանդները քաղաքում են, թե գյուղերում: Սա հանցագործություն չէ, այստեղ գաղտնի ոչինչ չկա:
Իհարկե, չնայած ամեն ինչին, մենք պետք է զգույշ լինենք, պահպանենք անվտանգության բոլոր ստանդարտները, որպեսզի չվարակվենք: Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, նույնիսկ ասում են վարակվածների անունները: Սա գյուղական տարածք է, այստեղ բոլորը շփվում են միմյանց հետ, և հստակ իմանալով, թե որտեղ և ով է վարակված, զգոն և զգույշ կլինեն մարդիք:
Այս թեմայով զրուցեցինք նաեւ Հանրային առողջության կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանի հետ, ով հայտարարեց, որ իրենք մանրամասն տեղեկություններ չեն տրամադրում, որպեսզի բնակչության շրջանում խուճապ չլինի: Վարակվածներն ու նրա հետ շփվողները գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Հնարավոր չէ նշել որոշակի գյուղ կամ քաղաք, մենք տալիս ենք միայն ընդհանուր վիճակագրություն:
Եթե անձը ջերմություն ունի և կորոնավիրուսի ախտանիշներ ունի, Հանրային առողջության կենտրոնը չի վերցնում կորոնավիրուսի թեստեր: Փորձարկվում են միայն այն մարդիկ, որոնց ցուցակը ստացվել է Թբիլիսիից:
Այսօրվա տվյալներով ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 18 մարդ վարակված է վիրուսով, ավելի քան 20 մարդ ապաքինվել է: Նրանցից 5-6 մարդ բժշկական օգնության կարիք ունի: