Ակնկալվում է, որ մարտին Վրաստանում կսկսվի կորոնավիրուսը հաղթահարած անձանց բուժհետազոտման ծրագիրը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ըստ նրա, Համընդհանուր առողջապահական ծրագրի համապատասխան արձանագրության մեջ ներառված որոշ հետազոտություններ ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից, կամ հիվանդը կվճարի նվազագույն գումարը:
«Մինչև փետրվարի վերջ մենք մտածում ենք այս մանրամասները հստակեցնել: Մենք խորհրդակցում ենք կլինիկական խմբի հետ և կարծում ենք, որ արդեն մարտ ամսից հնարավոր կլինի ամբողջությամբ գործարկել այս ծրագիրը: Այս արձանագրության համաձայն կատարված հետազոտությունները մասամբ ծածկվում է համընդհանուր հասանելիության շրջանակներում, ուստի բուժառուն, ով առաջնային առողջապահության ապահովագրմամբ կայցելի իր բժշկին, կկարողանա ստանալ այն հետազոտությունները, որոնք, ըստ բժշկի, անհրաժեշտ կլինեն նրան», – պարզաբանել է Գաբունիան:
Ծրագրի շրջանակներում բուժառուները կբաժանվեն երկու խմբերի: Առաջին խմբում կընդգրկվեն նրանք, ովքեր ունեցել են կորոնավիրուսի մեղմ ընթացք, իսկ երկրորդում՝ այն բուժառուները, ովքեր կորոնավիրուսի ծանր ընթացք են ունեցել, բուժման կուրսն անցել են վերակենդանացման բուժանմունքում: Այս խմբերը տարբեր դիտարկումների և հետազոտությունների կարիք ունեն: Jnews.ge