Ամեն չկտրված վերջույթ երջանկություն է. Ջավախքի զավակ ՝ բժիշկ Արմեն Բդոյան

Ամեն չկտրված վերջույթ երջանկություն է.  Ջավախքի զավակ ՝ բժիշկ Արմեն Բդոյան

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը հոկտեմբերի 1-ից երեք շաբաթ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրահատարանում էր։ 4-5 օրում 150-200 վիրավոր էր ընդունում հիվանդանոցը։

Պայքարը կյանքի համար էր, բժիշկներին տրված ժամանակը՝ կարճ։ «Վիրահատական սեղանը 20 րոպեից ավելի զբաղեցնել չէինք կարող, եթե ավելին զբաղեցնեինք, ասենք՝ 3 ժամ, մենք կունենայինք մյուս զինվորների կորուստ»,- ասում է բժիշկը։ 20 րոպեն էլ, սակայն, բավարար էր, որ հիշեր բոլորի դեմքերը։ Ասում է՝ մոռանալ հնարավոր չէ։ «Ինձ չի թվում, որ որևիցե մեկի դեմքը աչքիցս վրիպի։ Հավատացնում եմ՝ շատ սարսափելի էր։ Երբ ես այնտեղ աշխատելուց հետո գալիս եմ մեր բաժանմունք՝ Երևան, այն զինվորներին, որ տեսել էի այնտեղ, տեսնում եմ նաև այստեղ, և ինձ պետք չէր հարցուփորձ անել, անգիր հիշում էի»,- նշում է նա։

Դժվարություններն էլ է հիշում, բայց այդ մասին խոսել չի ուզում։ Ժամեր տևող վիրահատությունների արանքում 10 րոպեանոց հանգիստ են ունեցել։ Վստահեցնում է՝ այդքանն էլ էր բավարար։

Պատերազմի օրերից հետո պատերազմում տարած պայքարի համար Արմենակ Բդոյանը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի, նրան շնորհվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշան, սակայն սպիտակ բանակի հերոսների համար մեծագույն պարգևն ամեն փրկված կյանքն է։ «Ամեն մի չկտրված վերջույթի համար պայքարող բժշկի և այդ վերջույթի թեկուզ մինիմալ շարժը այդ բժշկի համար երջանկություն է։ Դա բառերով չի արտահայտվում։ Բնականաբար, որ հիվանդը սկսում է քայլել, դա երջանկություն է բժշկի համար»,- ասում է Արմենակ Բդոյանը։factor.am