Վրաստանի քաղաքացիները կովիդ անձնագրեր կունենան: Այս մասին խոսել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Ըստ նրա, անձնագրի հետ կապված նախնական աշխատանքներն ավարտվել են: Այս շաբաթվա ընթացքում Հիվանդությունների վերահսկման կենտրոնն Առողջապահության նախարարությանը կներկայացնի անձնագրի նախնական կոնցեպտը: Հաջորդիվ, այն կներկայացվի Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հատուկ ստեղծված միջկառավարական խորհրդին ու կառավարությունը վերջնականապես կհաստատի կովիդ անձնագիրը:
Գամկղրելիձեն պարզաբանել է, թե ինչպիսին է լինելու կովիդ անձնագիրը.
«Սա փաստաթուղթ է, որտեղ թղթի վրա կամ էլեկտրոնային տարբերակով նշված է ձեր կովիդ պատվաստման կարգավիճակի մասին, արդյո՞ք քաղաքացին արել է PCR տեստ վերջին 72 ժամվա ընթացքում ու դրա պատասխանները: Դեռևս քննարկվում է արդյոք նշված կլինի վարակման առկայության մասին կամ թե երբ է քաղաքացին վարակվել կորոնավիրուսով: Այս ամենն իմանալը հնարավոր կլինի հատուկ QR կոդի միջոցով: Սա հավաստագիր է, որ դուք պատվաստվել եք երկու անգամ»,- ասել է Գամկղրելիձեն: aliq.ge