Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննական ծառայությունը Թբիլիսիում բացահայտել է «դեղատնային նարկոմանիայի» մի քանի փաստ: Այս մասին հայտնում են գերատեսչության մամլո ծառայությունից:
Օպերատիվ խումբը հայտնաբերել է հինգ դեղատուն, որտեղ առանց դեղատոմսի պարբերաբար բաց են թողել տարբեր հոգեմետ եւ հատուկ հսկողության ենթակա դեղեր: Այդ դեղատները հոգեմետ դեղեր վաճառելու իրավունք չունեն։
Դատարանի որոշման հիման վրա բոլոր հինգ դեղատների ղեկավարները ձերբակալվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեղադրանքով:
Հետաքննչական միջոցառումների շրջանակներում նրանց օբյեկտներից առգրավվել են մեծ թվով հոգեմետ դեղեր։
Քրեական գործը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 192–րդ հոդվածի առաջին մասով՝ «ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու» մեղադրանքով: Ձերբակալվածներին սպառնում է մեկից մինչև երեք տարի ազատազրկում: