Փաշինյանն ու Պուտինը ՀՀ սահմանների թեմայով հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը ՀՀ սահմանների թեմայով հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ և ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ:

Նշենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այսօր Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն այսօր նախանշված բանակցություններին չի ներկայացել։