Վրաստանին է հանձնվել Թբիլիսիում հայ ընտանիքի աղմկահարույց սպանության ևս մեկ մեղադրյալ

Վրաստանին է հանձնվել Թբիլիսիում հայ ընտանիքի աղմկահարույց սպանության ևս մեկ մեղադրյալ

Ֆրանսիայի իշխանությունները Վրաստանին են արտահանձնել 1994 թվականին Թբիլիսիում Մինասյանների ընտանիքի աղմկոտ սպանության գործով մեղադրյալներից մեկին: Նա գործով անցնեղ երկրորդ մեղադրյալն է, որը ֆրանսիական իշխանությունների կողմից արտահանձնվել է Վրաստանին: Այս մասին ասված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Արտահանձնված հանցագործը 2018 թվականից հետախուզվել է Ինտերպոլի կարմիր շրջաբերականով: Նա մեղադրվում է 1994թ-ին Թբիլիսիում Մինասյան ընտանիքի 3 անդամներին՝ Նշան և Ֆլորա Մինասյաններին և նրանց որդի Վազգենի սպանության, և դստերը՝ Գայանեին վիրավորելու մեջ։

Վրաստանի ՆԳՆ-ն այս հանցագործության բացահայտման մասին հայտարարել էր 2011-ի սեպտեմբերին: Գործի քննությամբ պարզվել էր, որ 1994 թվականի հունվարի 18-ին յոթ հոգուց բաղկացած հանցավոր խումբն առևանգել է Վազգեն Մինասյանին և ազատ արձակել միայն 75 հազար դոլար գումարի փրկագին ստանալուց հետո: Սակայն մի քանի օր անց հանցագործները որոշել են սպանել Մինասյանների ընտանիքին ՝ առևանգման փաստը թաքցնելու համար:

Ոստիկանությանը հաջողվել էր անմիջապես ձերբակալել 7 մեղադրյալներից 3-ին, այդ ընթացքում մեկը մահացել է, իսկ մյուս 3-ին հաջողվել էր փախչել: Մինչ օրս մեկ մեղադրյալ մնում է հետախուզման մեջ: