Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկվել են նաև ամբողջությամբ պատվաստված բնակչության համար խրախուսական միջոցառումներ սահմանելու հարցը:
Ինչպես հայտարարել է Գամղրելիձեն, եթե տեղաշարժի սահմանափակումը մեղմացվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց:
«Այսօր մենք քննարկեցինք նաև խրախուսման միջոցառումները, որ կրկնակի պատվաստված մարդկանց դեպքում պարտադիր թեստավորում այլևս անհրաժեշտ չլինի: Բացի այդ, եթե պարետային ժամի հետ կապված մեղմացնող քայլ ձեռնարկվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:
Բացի այդ, այն հարցին, թե «Արդյո՞ք պատվաստված անձանց արտոնություններ սահմանելը չի լինի խտրական մոտեցում», Գամղրելիձեն ասաց, որ ընդհակառակը, դա բոլորի համար խթան կդառնա՝ պատվաստվելու:
«Ինչու պետք է խտրականություն լինի, ընդհակառակը, մենք բոլորս պետք է պատվաստվենք: Աշնանը մենք անպայման պետք է անվտանգ գնանք դպրոցներ, այսինքն՝ բոլոր ուսուցիչները պետք է երկու անգամ պատվաստվեն, ինչպես նաև համալսարանները, ուսանողները և բոլոր դասախոսները պետք է երկու անգամ պատվաստվեն, եթե ուզում ենք հաղթահարել վարակը: Պատվաստվելու հնարավորություն բոլորի համար կլինի, ես կարող եմ հաստատել, որ հուլիսի առաջին շաբաթվանից Վրաստանը կունենա այնքան պատվաստանյութ, որ այն հասանելի լինի բոլորին», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:1tv.ge