Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` ավելի քան 60 հազար անօրինական ներգաղթյալ կա Հայաստանից: Նրանք պետք է Ռուսաստանը լքեին հունիսի 15-ին, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրանց թույլ են տվել մինչև սեպտեմբերի 30-ը մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում: Բոլոր նրանք, ովքեր կարգի չեն բերի փաստաթղթերը, կարտաքսվեն։
Ակնհայտ է, որ նրանց մի մասը աշխատանքային միգրանտներ են, որոնք ուղղակի կզրկվեն գումար աշխատելու հնարավորությունից։ Պաշտոնական տվյալների համաձայն` միայն 2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից հեռացել է շուրջ 70 հազար մարդ, և փորձագետների գնահատմամբ ՝ հիմնական մասը աշխատանքային միգրանտներն են, որոնք 2020թ․-ին համավարակի պատճառով ստիպված են եղել տանը մնալ։
Նշենք, որ այդ պահին ՌԴ-ում օտարերկրացիների գտնվելու մի քանի ձևաչափ է գործում․ արտոնագիր (աշխատանքի թույլտվություն), РВП (ժամանակավոր բնակության թույլտվություն), ВНЖ (կացության թույլտվություն), ВКС (բարձր որակավորում ունեցող մասնագետ) և այլն։ Այս կարգավիճակները ՌԴ–ում ապրելու և աշխատելու իրավունք են տալիս օտարերկրացիներին։
Սակայն ՌԴ ՆԳՆ-ն օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն` ներգաղթյալները Ռուսաստան ժամանելիս պետք է միասնական փաստաթուղթ ստանան էլեկտրոնային կրիչով, որը կտրվի 10 տարի ժամկետով: Ցանկացած օտարերկրացի, որը կայցելի Ռուսաստան և կցանկանա այնտեղ գտնվել ավելի քան 30 օր, պետք է ստանա այդ փաստաթուղթը։ Դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ զբոսաշրջիկներին, եթե նրանք նախատեսում են Ռուսաստանում գտնվել ավելի քան 90 օր։ 30-րդ օրը հարկ կլինի մատնահետքեր հանձնել, բժշկական հետազոտություն անցնել (ՄԻԱՎ-ի և թմրամոլության բացակայություն՝ խմբ.) և ID քարտ ստանալ։
Բացի այդ, երեք նոր ռեժիմ է սահմանվելու, որոնք կփոխարինեն նախորդներին` կարճաժամկետ, երկարաժամկետ և մշտական։ Եթե օտարերկրացին Ռուսաստանում ամսական 30 օրից և տարեկան 90 օրից ավել է մնալու, նա պարտավոր կլինի ստանալ միգրանտի էլեկտրոնային քարտ, որտեղ նշված կլինի` կարճաժամկետ կացության իրավունք։ Երկարաժամկետ կացության առկայության դեպքում հնարավոր կլինի ազատ աշխատել, մշտականի դեպքում (ինչպես այսօր)` աշխատել և ապրել։
Ընթերցեք նաև՝