Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Վարակման դեպքերը աճում են, հիվանդների մեծ մասը հոսպիտալացման կարիք ունի, այդ պատճառով կլինիկաները գերբեռնված են:
Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ստիպված է ամեն օր նոր մահճակալներ ավելացնել հիվանդների համար: Բոլոր 350 մահճակալները, որոնք մոբիլիզացվել էին վարակվածների համար, այժմ զբաղված են:
Նույն պատկերն է նաև Մցխեթայի բժշկական կենտրոնում. այստեղ այսօր ստացիոնար բուժում է անցնում 112 հիվանդ: Հաշվի առնելով հիվանդության ընթացքը, կլինիկական պատկերը` կենտրոնի մասնագետները ենթադրում են, որ հիվանդների 70% -ը վարակված են հնդկական շտամով:
Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` ներկայումս երկրի հիվանդանոցներում քովիդ մահճակալների ավելի քան 75% -ը ՝ 5846-ից 4446-ը զբաղված է:
Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի 16,487 ակտիվ դեպք կա: 4446 հիվանդ (գրեթե 27%) բուժվում է հիվանդանոցներում: 10949 քաղաքացի բուժվում է տանը:
Ինչպես նշում են բժիշկները` կորոնավիրուսի հնդկական շտամի ախտանիշները նման են գրիպի ախտանիշներին, ուստի քաղաքացիները հաճախ այն շփոթում են սովորական մրսածության հետ: Մասնագետները բոլորին հորդորում են զգույշ լինել, ստուգվել, եթե ախտանշաններ կան, անցնել ինքնամեկուսացման:aliq.ge