«Gallup» Միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի բնակչության հուզական վիճակների վերաբերյալ իր ամենամյա զեկուցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան բացասական հույզերի հաճախականության առումով առաջատար հնգյակում է հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։
Անցկացված հետազոտության շրջանակներում արձանագրվել է, որ ֆիզիկական ցավի, անհանգստության, տխրության, սթրեսի և զայրույթի հանդիպման հաճախականությունը Թուրքիայում վերջին 15 տարվա համեմատ ամենաբարձր մակարդակի է հասել։
Հետազոտությամբ պարզվել է, որ Թուրքիայի բնակիչները աշխարհում ամենից քիչն են ժպտում։ Այս առումով Թուրքիան աշխարհում բացարձակ առաջատար է։ Ամենից քիչ հաճույք վայելող բնակիչներ ունեցող երկրների շարքում Թուրքիան երկրորդն է։ Այս երկիրը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաև ամենից շատ բարկացող երկրների ցանկում։ Իսկ ամենից հաճախ սթրեսի ենթարկվող մարդկանց թվով Թուրքիան չորրորդ տեղում է։
Ըստ զեկույցի՝ ամենից հանգիստ են Հյուսիսային Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները։ Աշխարհի ամենախաղաղ հոգեվիճակ ունեցող մարդիկ ապրում են Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Ուրուգվայում, Պորտուգալիայում և Էստոնիայում։ 2020 թվականի համավարակի պատճառով ծագած բացասական հույզերն արդեն իրենց տեղը զիջել են դրականներին։
Սակայն Միջին Արևելքի երկրներում բացասական հուզականությունը դեռևս գերիշխող է։ Հատկապես Իրաքը բացասական հույզերի տարածվածության առումով բացարձակ առաջատար է։ Այս անվանակարգում գտնվող երկրների մեծ մասը Միջին Արևելքի երկրներն են։ Իրանն ու Եգիպտոսը նույնպես առաջատարներից են։ 1in.am