Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում կարող է կրկին պարտադիր դառնալ:
«Առողջապահության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման կենտրոնը միջգերատեսչական խորհրդին է ներկայացրել բոլոր այն հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է կյանքի կոչվեն: Իհարկե, առաջին հանձնարարականը դիմակի օգտագործումն է: Կարևոր է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական միջոցառումների անցկացմանը, ներառյալ հարսանիքներն ու հոգեհացերը: Անհրաժեշտ է սահմանափակել մասնակիցների թիվը», — ասել է Տիկարաձեն:
Առողջապահության նախարարի խոսքով, համակարգող խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի սահմանափակումների հարցը, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ: Այս սահմանափակումը դեռ ուժի մեջ է փակ տարածքներում, հասարակական տրանսպորտում և տրանսպորտի կանգառներում:aliq.ge