Մաքրվում է Հեշտիայից դուրս եկող առվակը

Մաքրվում է Հեշտիայից դուրս եկող առվակը

Այսօր՝ օգոստոսի 19 -ին, մաքրվում է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից դուրս եկող առվակը:

NOR ռադիոն բազմիցս խոսել էր այն մասին, որ Հեշտիայից դուրս հոսող ջրերը որոնք միանալով իրար լցվում են Ղաուրմա գյուղի միջով հոսող Թափարվան գետը, իրենց հետ տանում են հիմնականում շշեր եւ պոլիէթիլենային տոպրակներ:

Առվակը որը դուրս է գալիս Հեշտիա գյուղից եւ ունի մոտավորապես 3 կմ երկարություն մինչեւ Թափարվան գետը թափվելը, ներկա պահին աղբից մաքրվում է մոտ 1 կմ երկարությամբ հատված:

Մաքրման աշխատանքները իրականացնում է Յուրա Կարապետյանին պատկանող Հեշտիա-Ստրոյ ընկերությունը: Ընկերության ղեկավար Ալեքսան Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Առվակը աղբից մաքրելու համար նախատեսված էր 8000 լարի գումար, բայց մենք մրցույթը շահել ենք 7500 լարիի դիմաց: Նախատեսվում է մաքրել մոտ 1 կմ երկարությամբ տարածք: Աշխատանքները սկսել ենք օգոստոսի 17 -ից եւ մինչեւ 24 -ը ժամկետ ունենք»:

Բնակիչներից մեկը NOR ռադիոկյանի հետ զրույցում ասաց.

«Մաքրվում է մեր առվակը, հանգստանում է մեր հոգին: Մարդիկ աղբամանների մեջ լցնելու փոխարեն լցնում են առվակը, այն անցնում է արտերի միջով եւ աղտոտվում է նաեւ շրջակա տարածքը: Կենդանիները խոտը չեն ուտում, քանի որ գարշահոտ են առնում»:

Նշենք, որ գետերում կուտակված աղբը ամենակարեւոր խնդիրներից մեկն է Նինոծմինդայի շրջանում: