Pfizer եւ Moderna պատվաստանյութերով պատվաստումը լուրջ հետեւանքներ չունի առողջության համար։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակվել է The Journal of the American Medical Association-ում։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Vaccine Safety Datalink ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են 12 միլիոն պացիենտների առողջության մասին տվյալները. 6,2 մլն մարդ առաջին չափաբաժնից հետո երեք շաբաթվա ընթացքում եւ 5,7 մլն մարդ երկրորդից հետո՝ 3-6 շաբաթ։
Գիտնականները գնահատել են առողջության համար 23 հետեւանքների առկայությունը, որոնք բժշկական հանրույթի անհանգստությունն են առաջացրել՝ կորոնավիրուսի ախտանշաններ, էֆեկտներ՝ հայտնաբերված պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների ժամանակ եւ այլն։ Դրանց մեջ էին նյարդային համակարգի հիվանդությունները (էնցեֆալիտ, միելիտ եւ Գիյեն-Բարեի համախտանիշ), սիրտ-անոթային խնդիրները (միոկարդի սուր կաթված, ուղեղի կաթված եւ թոքերի էմբոլիա), Բելի կաթված, կույր աղիք եւ անաֆիլաքսիա։
Այնուհետեւ վիճակագրական վերլուծության օգնությամբ հետազոտողները գնահատել են՝ հասե՞լ է արդյոք այս կամ այն ախտանշանի դեպքերի թիվը որոշակի շեմի՝ «ահազանգի»։ Ոչ մի հետեւանք դրան չի հասել։ Միեւնույն ժամանակ, հետազոտողները նշել են, որ պատվաստումից հետո հաճախացել են միոկարդիտն ու պերիկարդիտը երիտասարդների շրջանում։ 12-39 տարեկան պացիենտների շրջանում միլիոն չափաբաժնի պարագայում գրանցվել է միոկարդիտի հավելյալ 6,3 դեպք։