Մառնեուլիի ադրբեջանցիների առեւտուրը Նինոծմինդայում

Մառնեուլիի ադրբեջանցիների առեւտուրը  Նինոծմինդայում

Նինոծմինդայի շրջանում հաճախ են հանդիպում Մառնեուլից ժամանած ադրբեջանցի առեւտրականներ: Կան առեւտրականներ ովքեր մրգեր եւ բանջարեղեն են վաճառում, ոմանք հագուստ, ոմանք էլ գնում են կարտոֆիլ կամ կենդանիներ տեղի բնակիչներից:

Ջեյհում Մահմեդովը եւ Գուլիա Մահմեդովան՝ ամուսին եւ կին ապրում են Մառնեուլիում, նրանք արդեն 7 տարուց ավել է իրենց բիզնեսն են ծավալում Նինոծմինդայի շրջանում:

NOR ռադիոկայանը մառնեուլից ժամանած առեւտրականների հետ զրուցեց հետեւյալ հարցերի շուրջ՝ թե ինչպես է ընթանում իրենց բիզնեսը Ջավախքում՝ մասնավորապես Նինոծմինդայում, եւ ինչքանով է ազդել Ղարաբաղա–ադրբեջանական 44 -օրյա պատերազմը իրենց բիզնեսի վրա:

Մահմեդովա Գուլիան մեզ հետ զրույցում ասաց. «Մենք վաճառում ենք ապրանքը, իսկ տեղի բնակիչներն էլ գնում են, բոլորը լավ վերաբերմունք են ցուցաբերում, մենք նույնպես: Մեր բիզնեսը որոշ չափով տուժել է կորոնավիրուսի պատճառով: Իսկ ինչ վերաբերվում է պատերազմին՝ մենք դրանում ոչ մի մեղք չունենք, ոչ Վրաստանի հայերը ոչ էլ ադրբեջանցիները: Պետք է բոլորը խաղաղ եւ ընկերական ապրեն, մեզանից մենակ դա է պահանջվում: Եթե կռվեն դրանից ոչ մի օգուտ չի լինի, միայն կտառապենք եւ կտուժենք»:

Գուլիայի խոսքով՝ պատերազմի ժամանակ նրանք չեն դադարել իրականացնել իրենց առեւտուրը Նինոծմինդայում:

«Մեզ հարցնում էին թե չե՞ք վախենում, որ առեւտուր եք անում, ես էլ պատասխանում էի, որ մենք ինչ կապ ունենք, ինչպես դուք եք ապրում այստեղ այնպես էլ մենք(նկատի ունի Վրաստանը,- խմբ.): Օրինակ այսօր, Նինոծմինդայում մեզ հրավիրեցին թեյ եւ սուրճ խմելու: Կարող եմ ասել, որ այստեղ ամեն տուն մեզ հյուրասիրում է եւ լավ է վերաբերվում», – ասաց Գուլիան:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Մառնեուլիի ադրբեջանցիների առեւտուրը Նինոծմինդայում