Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 15-ը Լատվիայում լոքդաուն է հայտարարվել, ասել է առողջապահության նախարար Դանիել Պավլուցը:
Հանրապետության ճգնաժամային կառավարման խորհրդի որոշմամբ՝ 20:00-ից մինչև 5:00-ը երկրում պարետային ժամ է լինելու: Լատվիայի բոլոր բնակիչներին՝ անկախ նրանից պատվաստվել են, թե ոչ, կարգելվի դուրս գալ իրենց տներից:
Կշարունակեն գործել միայն այն խանութներն ու հաստատությունները, որոնք ապահովում են առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ: Բոլոր հանրային միջոցառումներն արգելված են: Դպրոցները, բացառությամբ առաջինից երրորդ դասարանների, անցնում են հեռավար ուսուցման ռեժիմի:
Ինչպես մամուլի ասուլիսում ասել է երկրի վարչապետ Կրիշյանիս Կարինսը, այս մասին որոշումն ընդունվել է պատվաստումների ցածր տեմպերի պատճառով:
Երեքշաբթի օրը ճգնաժամային կառավարման խորհրդի որոշումը պետք է հաստատվի կառավարության նիստում:
Երկուշաբթի օրը Լատվիան գլխավորել էր կորոնավիրուսով վարակման ամենաբարձր դեպքեր ունեցող աշխարհի առաջատար երկրների ցանկը: Անցած շաբաթվա ընթացքում երկրում COVID-19-ի նոր դեպքերի թիվն ավելացել է 49%-ով: shantnews.am