Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում ավարտվել են նոր ծիսական տան շինարարության աշխատանքները:
Աշխատանքները սկսվել էին հուլիսի սկզբին եւ այն իրականացնում էր Հրանտ Գրիգորյանին պատկանող «შპს მეგობრობა 5» շինարարական ընկերությունը՝ Ախալքալաքից:
Նոր արարողությունների տունը ունի նախասրահ, որին կից կառուցված են կանանց և տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցները, ունի խոհանոց, սննդի ընդունարան, սննդի առանձին պահեստ, մեծ սրահ` բեմահարթակով։
Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական և Սամեբա գյուղերի մասնագետ Խորեն Թամասյանը մեզ ասաց, որ շուտով հնարավոր կլինի շենքը հանձնել շահագործման։ Նշենք, որ սրահում նոր սեղան աթոռներ չկան։
«Այս տարի չեն լինի նոր սեղան աթոռներ, հներով կբավարարվենք մինչև հաջորդ տարի հնարավորության դեպքում տեղադրվեն նորերը», – ասաց Խորեն Թամասյանը։
Ավելի վաղ NOR-ի հետ զրույցում «შპს მეგობრობა 5» ընկերության մենեջեր Մարտին Գաբրիելյանը հայտնել էր, որ այս տարվա շինաշխատանքների համար նախատեսված է եղել մոտ 54 000 լարի գումար: Աշխատանքները տեւել են մոտ չորս ամիս:
«Աշխատանքային խումբը Օրոջալար գյուղից է, Գրիգոր Չոբանյանի գլխավորությամբ։ Նրանք որակով և բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը»,-ասաց Խորեն Թամասյանը։
Ինչ վերաբերվում է աշխատանքների ընդունմանը հատուկ հանձնաժողովի կողմից, Խորեն Թամասյանը հայտնեց, որ մնացել են մի քանի մանր և թեթև աշխատանքներ, որից հետո արդեն քաղաքապետարանից կգան աշխատանքների ստուգման, գնահատման և ընդունման պրոցեսները կատարելու։
Մանրամասները՝ տեսանյութում.