Քնատությունը շատ վնասակար է մարդու առողջության համար եւ, բացի այլ խնդիրներից, բարձրացնում է նաեւ տկարամտության առաջացման վտանգը, հավաստիացնում է ամերիկացի բժիշկ Ռեբեկա Ռոբինսը, որն զբաղվում է քնի ուսումնասիրությամբ։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph պարբերականը, օրվա ընթացքում ուղեղում առաջանում են տոքսիններ, որոնց կուտակումը կապում են կոգնիտիվ կարողությունների կորստի հետ։ Տոքսինները նաեւ նկատվում են Ալցհեյմերի հիվանդության եւ տկարամտության (դեմենցիա) ժամանակ։
«Երբ մենք քնած ենք, ուղեղը ոչ միայն դադարում է արտադրել դրանք, այլեւ արտադրում է ուղեղային հեղուկ, որն, ըստ էության, լվանում է այն ու հեռացնում կուտակված տոքսինները»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ քնի անբավարարությունը կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ իմունային համակարգի վրա. մշտական քնատությունը ավելի քան կրկնակի բարձրացնում է մրսածության կամ գրիպով հիվանդանալու վտանգը եւ դանդաղեցնում հակամարմինների առաջացումը պատվաստումներից հետո։
Քնի որակը բարելավելու համար փորձագետը խորհուրդ է տալիս ամեն օր պառկել քնելու եւ արթնանալ նույն ժամերին։ Քնի տեւողությունը պետք է կազմի ութ ժամ, բայց ավելի լավ է կես ժամ առաջ պառկել՝ հասցնելու համար թուլանալ եւ քնել։ Նրանց, ովքեր արթնանում են գիշերվա կեսին, մասնագետը խորհուրդ է տալիս չմիացնել հեռախոսը, այլ վեր կենալ մահճակալից, նստել բազկաթոռին կամ հատակին եւ մեդիտացիա անել։news.am