Հայ-վրացական «Բարեկամության կամուրջ» նախագծի հայկական հատվածի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Facebook-ի էջում տեղեկությունը հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ներկայումս իրականացվում է «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի «Բագրատաշեն» կամրջի շինարարությունը։
Մասնավորապես կառուցվում են հենարաններ, բազրիքներ և հենապատեր, ինչպես նաև պատրաստվում են երկաթբետոնե ագուցաշարեր։ Տեղեկատվությունից բացի՝ շինարարական աշխատանքները ներկայացնող լուսանկար է հրապարկվել։
Հիշեցնենք, որ հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։
Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
Գործող կամուրջը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին և նախատեսված չէր միջազգային բեռնափոխադրումների համար։ Նոր կամուրջը երկու անգամ ավելի լայն կլինի և նախատեսված կլինի ոչ միայն մարդատար մեքենաների, այլև խոշոր ավտոբուսների և բեռնատարների համար։armeniasputnik.am