Կանադայից եւ ԱՄՆ-ից երկու հետազոտողներ պնդում են, որ Լուսինը կարող է ծածկված լինել փոքր սեւ խոռոչների խառնարաններով, որոնց ուսումնասիրությունը խթան կհանդիսանա «մուգ նյութի» մասին որոշ բեկումնային գաղափարների համար, գրում է «ГазетаРу»-ն։
Իրենց հոդվածը նրանք հրապարակել են «Monthly Notices of the Royal Astronomical Society: Letters» ամսագրում։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Մեծ պայթյունից անմիջապես հետո ձեւավորվել են ատոմի չափի բազմաթիվ սեւ խոռոչներ։ Այս գերխիտ օբյեկտները ազատորեն շարժվում են տիեզերքում, այդ թվում՝ Արեգակնային համակարգում, որտեղ, ինչպես ասվում է, ռմբակոծել են Լուսինը եւ այլ երկնային մարմիններ, բայց միայն Լուսնի վրա է հնարավոր լավ ուսումնասիրել դրանց հետքերը: Սկզբունքորեն որպես թիրախներ կարող էին հանդես գալ նաեւ Յուպիտերի եւ Նեպտունի կամ Մերկուրիի որոշ արբանյակներ, սակայն Լուսինն ավելի հասանելի է երկրացիների համար:
Քանի որ «մուգ նյութը», ըստ որոշ տեսաբանների, կարող է բաղկացած լինել սկզբնական սեւ խոռոչներից, լուսնի մակերեսի ուսումնասիրությունը թույլ կտա գոնե, որոշակի սահմանափակումներ մտցնել այդ տեսությունների վրա: Ապագայում դեպի Լուսին կառավարվող առաքելությունները, ինչպիսին է ՆԱՍԱ-ի Artemis ծրագիրը, կարող են գտնել եւ ուսումնասիրել այս ոչ սովորական խառնարանները, եթե դրանք, իհարկե, կան: Հեղինակները կարծում են, որ մանրադիտակային սեւ խոռոչների հետքերը եւ համապատասխան խառնարանների պրոֆիլները զգալիորեն կտարբերվեն սովորական երկնաքարայիններից։ «Կարելի է փնտրել սիլիկատային կամ կվարցային փոշի, որը այլ կերպ չէր ձեւավորվի»,- CNET-ին տված հարցազրույցում բացատրել է Իլինոյսի համալսարանից Մեթ Կապլանը, ով հետազոտության համահեղինակներից մեկն է: «Ի վերջո, քարերի թափվող բեկորները անհրաժեշտ գերբարձր ջերմաստիճան չեն ապահովի»։
Հոդվածի հեղինակների հաշվարկների համաձայն՝ 1017-1023 գրամ զանգվածով սկզբնական սեւ խոռոչները կարող են բավական շատ լինել՝ Արեգակնային համակարգի գոյության ընթացքում Լուսնի հետ բազմաթիվ բախումների համար:
«Մուգ էներգիան», որը պատասխանատու է տիեզերքի արագացված ընդլայնման համար, կազմում է ամբողջ տիեզերքի 68%-ը: «Մուգ նյութը», որը դանդաղեցնում է ընդլայնումը, զբաղեցնում է եւս 27%-ը: Իսկ սովորական, բարիոնային նյութի մասնաբաժինը կազմում է Տիեզերքի «բյուջեի» ընդամենը 5%-ը։ news.am