Ջավախքցի բժիշկ՝ ով վերջին պատերազմի ընթացքում համալրել է սպիտակ բանակի շարքերը

Ջավախքցի բժիշկ՝ ով վերջին պատերազմի ընթացքում համալրել է սպիտակ բանակի շարքերը

Գևորգ Չթչյանը Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղից է:

ԵՊԲՀ շրջանավարտ Գևորգ Չթչյանի համար բժշկությունը մասնագիտություն է, որը պետք է սիրել ամբողջ հոգով:

Նեղ մասնագիտությամբ վնասվածքաբանը վստահ է՝ բժշկի կարևոր հատկանիշներից է մարդասիրությունը, կարեկցանքի զգացումը, դիմացինի ցավը զգալու ունակությունը. ֆիզիկական ցավից բացի պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է թաքնված  հիվանդի ներսում։

Նա ևս Արցախյան վերջին պատերազմի ընթացքում համալրել է սպիտակ բանակի շարքը՝ ամուր թիկունք դառնալով հայրենիքի պաշտպանների համար:

«Կյանքիս ամենածանր օրերն էին, որոնք մեծ հետք թողեցին, և որոնք դժվար է մոռանալ: Միևնույն ժամանակ ձեռք բերեցի մասնագիտական մեծ փորձ։ Վայրկյան անգամ չմտածելով՝ կամավոր մեկնել եմ առաջնագիծ՝ մասնագիտական գիտելիքներով օգնելու հայենիքիս, այն տղաներին, որոնք պայքար էին մղում՝ հանուն հայրենիքի։ Մեծ պատասխանատվություն, սառնասրտություն կար, որը դրդում էր չկորցնել ինքդ քեզ, որպեսզի կարողանաս օգնել դիմացինիդ։ Մենք առաջին օգնություն էինք ցուցաբերում զինվորներին, որոնք գրեթե իմ հասակակիցն էին, որոնց աչքերի մեջ կրակ և ապրելու հույս կար ու ես ավելի քան վստահ էի, որ հաղթելու ենք: Ծանր օրեր էին… Վիրավորների մեջ կային և՛ հրամանատարներ, և՛ զինվորներ, և՛ քաղաքացիներ: Մեր զինվորներն ուրիշ էին. մեզ իրենց խոսքերով ուժ էին տալիս, իսկ հրամանատարները, անտեսելով իրենց ծանր վերքերը, մտքով զինվորների հետ էին… »,-դժվար օրերն է հիշում վնասվածքաբանը:

Նրա խոսքով՝ խաղաղ և պատերազմական իրավիճակներում բժշկի աշխատանքը տարբերվում է. «Խաղաղ պայմաններում հրազենային վիրավորումներ տեսել եմ և որոշակի փորձ ունեի բուժման տակտիկայի հետ կապված։ Բայց պատերազմի ժամանակ զգոնությունն ավելանում է, առավել ուշադիր ես, չունես երկար մտածելու ժամանակ, որոշումներ պետք է կայացնես արագ ու ճիշտ:  Սովորում ես ավելի սառը դատել: Խաղաղ պայմաններում մի քանի մետր կամ կիլոմետր հեռու ականներ չեն պայթում…»:

Թեև մասնագիտության մեջ առկա դժվարություններին՝ բժիշկը այլ մասնագիտություն չէր ցանկանա ունենալ: Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ՝ կրկին կընտրեր բժշկի ուղին:

Վնասվածքաբանն ազատ ժամանակն անցկացնում է մասնագիտական նորարարությունների մեջ խորանալով՝ բոլորից սովորելով ինչ-որ մի բան, որը կյանքի որևէ փուլում դառնալու է անհրաժեշտ: 

Ամփոփելով խոսքը՝ Գևորգ Չթչյանը նրանց, որոնք ցանկանում են ընտրել բժշկի ուղին, խորհուրդ է տալիս լինել աշխատասեր, քանի որ աշխատասիրության պտուղները հաստատ արդյունքներ կտան, ինչպես նաև գիտակցեն, որ ինչ նեղ մասնագետ էլ դառնան՝ ինչ-որ մեկին պետք են գալու։

Սկզբնաղբյուր