Այսօր Փոքր Սամսարում նախկին կնոջն ու ընտանիքի անդամներին դանակահարած տղամարդն արդեն ձերբակալված է։
Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 հոդվածով, ինչը նշանակում է մահափորձ և պատժվում է 7-ից 15 տարի ազատազրկմամբ։ Հայտնում է Jnews-ը։
Հիշեցնենք, որ դանակահարության դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո Փոքր Սամսար գյուղում։ 40-ն անց տղամարդը մտել է նախկին կնոջ տուն, դանակով հարվածել կնոջ հարազատներին ու փախել։ Տղամարդը վերջերս եղել է բանտում, պատիժ է կրել ընտանեկան բռնության մեղադրանքով։ Նրա կինը վերադարձել է հայրական տուն։
Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալ էին տեղափոխել 4 մարդու, այդ թվում 8 ամսական երեխային։ Ախալքալաքի հիվանդանոցից ստացած տեղեկատվության համաձայն՝ երեխան, միջին տարիքի տղամարդը և կինը (դանակահարողի նախկին կնոջ եղբայրը, նրա կինը և նրանց երեխան) ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ ավելի մեծ տարիքի կինը (դանակահարողի կնոջ մայրը) արյան զգալի կորուստ է ունեցել։ Այս պահի դրությամբ, բոլոր վիրավորների վիճակը նորմալ է։