Ախալքալաքի ռեֆերալ հոսպիտալ են տեղափոխվել 4 մարդ տարբեր աստիճանի դանակահարությունից ստացած վերքերով։ Միջին տարիքի տղամարդը Փոքր Սամսար գյուղում ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակով վիրավորել նրա ընտանիքի անդամներին, այդ թվում 8 ամսական երեխային:
Ախալքալաքի հիվանդանոցից ստացած տեղեկատվության համաձայն, երեխան, միջին տարիքի տղամարդը և կինը (ենթադրաբար դանակահարողի նախկին կնոջ եղբայրը, նրա կինը և նրանց երեխան) ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ ավելի մեծ տարիքի կինը (ենթադրաբար՝ կնոջ մայրը) արյան զգալի կորուստ է ունեցել և գտնվում է շոկի մեջ։
Դանակահարության դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո Փոքր Սամսար գյուղում։ Նախնական տեղեկությունների համաձայն, տղամարդը վերջերս եղել է բանտում, պատիժ է կրել ընտանեկան բռնության մեղադրանքով։ Նրա կինը վերադարձել է հայրական տուն։
Այսօր երեկոյան 40-ն անց տղամարդը մտել է նախկին կնոջ տուն, դանակով հարվածել կնոջ հարազատներին ու փախել, թաքնվելով գյուղում։
Ոստիկանության աշխատակիցները նրան փնտրում են Փոքր Սամսար գյուղում։ Պաշտոնական տեղեկություն ՆԳՆ-ից առայժմ չի ստացվել։ Փոխանցում է Jnews-ը։