Շաբաթ երեկոյան Բարսելոնայում և Վալենսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել պատվաստման պարտադիր վկայականի դեմ։ Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցին միացել է մոտ 3 հազար մարդ։ Ցույցի մասնակիցները կրել են «Բժշկական անձնագիր, տոտալիտար պետություն» և «Հարգեք մեր ընտրությունը» գրությամբ պաստառներ։ Ցուցարարները, որոնցից շատերը հանրահավաքի են եկել առանց դիմակի, նույնպես վանկարկել են «Ազատություն»։ Կատալոնիայում Covid-ի անձնագիր է պահանջվում բարեր, ռեստորաններ, մարզասրահներ, գիշերային ակումբներ մուտք գործելու համար:
Իսպանիայում համավարակի տարածման սկզբից ի վեր հայտնաբերվել է վարակի ավելի քան 5,2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 88 հազար հիվանդ։
Անցած տարվա դեկտեմբերի վերջին երկրում սկսվել է պատվաստումների արշավ։ Այժմ 12 տարեկանից բարձր իսպանացիների գրեթե 90%-ն արդեն լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ։ Սպասվում է, որ 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 15-ից։
Վերջերս Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Այդ կապակցությամբ երկրի տարբեր շրջանների իշխանությունները որոշել են որոշակի հաստատություններ մուտք գործելու համար ներդնել պարտադիր Covid անձնագիր։ shantnews.am