Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է 46 մարդ

Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է 46 մարդ

Թբիլիսիում, տարբեր վարչական շենքերի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ, իրավապահները վարչական կարգով ընդհանուր առմամբ ձերբակալել են 46 մարդու,- այս մասին ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։

«Ինչպես հանրությանը հայտնի է, Թբիլիսիի տարբեր վարչական շենքերի դիմաց բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Այնտեղ, որտեղ հանրահավաքի մասնակիցները դուրս են եկել հավաքների և խոսքի ազատության սահմաններից, ինչպես նաև փորձել են փակել վարչական շենքերի մուտքերը, ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել 46 անձի։

Ներքին գործերի նախարարությունը պաշտպանում է Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հավաքներ և ցույցեր անցկացնելու մեր քաղաքացիների իրավունքը։ Միևնույն ժամանակ նշենք, որ «Հավաքների և մանիֆեստացիաների մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ արգելվում է վարչական մարմինների շենքերի մուտքերը փակել և դրանց գործունեությունը կասեցնել։

Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր, ՆԳ նախարարության աշխատակիցները անվտանգության միջոցառումների և իրադարձությունների արհեստական ​​սրացումից խուսափելու համար մոբիլիզացված են և պահպանում են հասարակական կարգը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ցուցարարներին և քաղաքական առաջնորդներին հարգել Վրաստանի Սահմանադրությունը, հարգել իրավապահների գործունեությունը, դուրս չգալ խաղաղ հավաքի սահմանած օրենքի սահմաններից, ենթարկվել ոստիկանության պահանջին և պահպանել հասարակական կարգը:

«Օրենքի ցանկացած խախտում անհապաղ կկասեցվի ոստիկանության կողմից, և դրան կհետևի համապատասխան իրավական արձագանք», – հայտնում են ՆԳ նախարարությունից։