Այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի տվյալներով Նինոծմինդայի հիբրիդային Covid կենտրոնում բուժվում է Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ասպինձայի շրջաններից կորոնավիրուսով 35 հիվանդ։
Նինոծմինդայի ,, Էվեքսի ” կլինիկայում օրերս 30 մահճակալին ավելացվեց ևս 15 մահճակալ, այժմ Covid կենտրոնում կարող է բուժվել 45 հիվանդ։
Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք է գրանցվել։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս պահին 242 մարդ ինքնամեկուսացման մեջ է։
Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա կորոնավիրուսի դեպքի հայտնաբերման պատճառով Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցն անցել է հեռավար ռեժիմի։ Առցանց ռեժիմում են նաև Մեծ և Փոքր Գոնդուրա գյուղերի դպրոցները։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 38 դպրոց, որոնցից երեքը ներկայումս սովորում են առցանց։
Նշենք, որ դպրոցականները հեռավար ռեժիմի են անցնում ծնողների խնդրանքով կամ կորոնավիրուսի դեպք հայտնաբերելուց հետո։ Եթե Covid-19-ը հաստատվի դպրոցականների կամ ուսուցիչների մոտ, կրթական հաստատությունները կշարունակեն կիրառել բալային սահմանափակումներ՝ կամ ամբողջ դպրոցը կամ կոնկրետ դասարանը կանցնեն հեռավար ուսուցման։
Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթությանը, ապա Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 12 մանկապարտեզ։ Փակ է միայն մեկ մանկապարտեզ, մնացածներն աշխատում են սովորական ռեժիմով։
Հավելենք, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնալով վատանում է, քանի որ շատերը թաքցնում են հիվանդությունը, չեն պահպանում զգուշությունը և կորոնավիրուսի վերաբերյալ առաջարկությունները։ Covid-ով հիվանդները ամաչում են հիվանդության համար և թաքցնում են, որ հիվանդ են, բայց դա վտանգ է ներկայացնում ուրիշների համար։ Ոմանք, ովքեր դրական թեստ ունեն, չեն մեկուսանում, ընտանիքի անդամները գնում են աշխատանքի, իսկ երեխաները՝ դպրոց ինչը անպատասխանատվություն է: