Թբիլիսիում հասարակական տրանսպորտով մեկանգամյա ճանապարհորդությունը կարժենա մեկ լարի։ Մինչ այժմ հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 թեթրի էր։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են քաղաքապետարանում, ստեղծվել են մի քանի վճարային փաթեթներ, ուղևորները կկարողանան ընտրել իրենց ուզածը:
«Մեկանգամյա ճանապարհորդության դեպքում սակագինը կլինի մեկ լարի, որով ուղևորը կարող է 90 րոպե օգտվել մետրոյից, ավտոբուսից, միկրոավտոբուսից կամ համալսարանի Մաղլիվի շենքի մոտ գործող ճոպանուղուց։ Միևնույն ժամանակ անվճար և արտոնյալ ճանապարհորդությունից կօգտվեն սպառողների մի քանի կատեգորիաներ՝ սոցիալապես անապահով անձինք, ուսանողները, աշակերտները, ուսուցիչները և այլն», – նշել են քաղաքապետարանից։
Բացի այդ, փետրվարի 1-ից գործարկվելու է հասարակական տրանսպորտում անսահմանափակ երթևեկության համակարգը։ Մինչև փետրվարի 1-ը մետրոպոլիտենից, ավտոբուսներից և միկրոավտոբուսներից օգտվողները հնարավորություն կունենան ձեռք բերել աբոնեմենտներ։ 1tv.ge