Բուստեր-պատվաստանյութը 40 անգամ նվազեցնում է կորոնավիրուսից մահանալու հնարավորությունը

Բուստեր-պատվաստանյութը 40 անգամ նվազեցնում է կորոնավիրուսից մահանալու հնարավորությունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափը մահից պաշտպանում է Omicron շտամի դեպքում՝ ինը անգամ, իսկ երրորդը կամ խթանիչ դեղաչափը՝ 40 անգամ։ Այս մասին PalitraNews-ի եթերում ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն։

Մասնագետը նշել է, որ պատվաստանյութերը մարդկանց ավելի քիչ են պաշտպանում վարակից, սակայն արդյունավետ են մահացության ռիսկը նվազեցնելու առումով։

Իմնաձեն համաձայն չէ նաև վերջերս տարածված այն ենթադրության հետ, որ արագ թեստերը չեն հայտնաբերում Omicron-ի նոր շտամը, և վարակված մարդիկ կեղծ տեղեկություններ են ստանում իրենց Covid կարգավիճակի մասին:

Իմնաձեի խոսքով՝ նոր դեպքերի կեսը հայտնաբերվել է արագ թեստերի միջոցով։

«Եթե մարդն ասիմպտոմատիկ է, ապա արագ թեստն անարդյունավետ է։ Եթե ​​ախտանշանները ակներև են, ապա պետք չէ անմիջապես վազել և թեստ հանձնել՝ անհրաժեշտ է անցնել ինքնամեկուսացման և ախտանիշների ի հայտ գալուց հետո երկրորդ, երրորդ օրը արագ թեստ հանձնել։ Այդ դեպքում այն ավելի լավ «կբռնի» վիրուսին»,- պարզաբանել է Իմնաձեն։

Նրա խոսքով՝ երբեմն վիրուսը չի կարողանում հաստատել նաև PCR թեստը։ Պատճառը կարող է լինել քթի խոռոչից սխալ կատարված նմուշառումը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու են և՛ երկակի, և՛ եռակի պատվաստված մարդիկ վարակվում Omicron-ով, Իմնաձեն ասել է, որ այս շտամը «ուշադրություն չի դարձնում պատվաստման կարգավիճակին կամ նրան, թե անձն արդեն հիվանդացել է կորոնավիրուսով, թե ոչ»:

Վրաստանում փորձագետները հայտարարել են կորոնավիրուսի վեցերորդ ալիքի մասին։ Հունվարի կեսերից օրական վարակման ցուցանիշը կազմում է մոտ 7-8 հազար վարակակիր։ Համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման ավելի քան 1 միլիոն դեպք։