Վրաստանում աշխատում են մի մեխանիզմի վրա, որը քաղաքացիներին թույլ կտա կորոնավիրուսից բուժվելուց հետո «կանաչ անձնագիր» ունենալ, նույնիսկ, եթե, վարակը թեստով հաստատված չի եղել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Ըստ նրա՝ աշխարհում ևս նման փորձ կա։ Նախարարի խոսքով՝ կան տարբեր մեխանիզմներ, թե ինչպես քաղաքացիները կարող են մուտք գործել «կանաչ անձնագրի» տվյալների բազա։
«Տարբեր երկրների օրինակով կարելի է տարատեսակ միջոցներ ձեռնարկել՝ ապացուցելու, որ նրանք իսկապես բուժվել են կորոնավիրուսից և պետք է «կանաչ անձնագիր» ստանան»,- ասել է Ազարաշվիլին։
Նախարարը նաև նշել է, որ մեխանիզմներից մեկը կարող է լինել հակամարմինների ստուգումը, որը կփաստի կորոնավիրուսից բուժվել է, թե ոչ:
Վրաստանում գործող կանոնակարգի համաձայն, որպեսզի քաղաքացին ունենա կորոնավիրուսից բուժվածի կարգավիճակ, անհրաժեշտ է, որ վարակը պաշտոնապես՝ լաբորատոր հաստատված լինի։
Առողջապահության նախարարի հունվարի 11-ի հրամանով նմանատիպ կարգավիճակ կարող են ստանալ այն քաղաքացիները, որոնց վարակի մասին տեղեկությունը հայտնի է եղել Առողջապահության ազգային գործակալությանը կամ 112-ին։
Նշենք նաև, որ Վրաստանում գործող կանոնների համաձայն՝ անձը, ով գոնե մեկ անգամ վարակվել է կորոնավիրուսով, ունի մշտական «կանաչ անձնագիր» և կարող է մուտք գործել ցանկացած հաստատություն։ Քաղաքացին այս կարգավիճակը պահպանելու համար թեստավորում կամ պատվաստում կատարելու պարտավորություն չունի:aliq.ge