Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է Փոկացի զինծառայողի մահվան պատճառը։ Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ 19-ամյա Սարգիս Սահակյանը մահացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից։
«Մահվան պատճառը թոքային զարկերակի ճյուղերի թրոմբոէմբոլիան է, սակայն թե որքանով է ճիշտ իրականացվել բուժումն մասնագետների մասնակցությամբ, սա պարզելու համար նշանակվել է հանձնաժողովային փորձաքննութուն»,- «9-րդ ալիքի» մոտ բացատրում է դատաբժշկական փորձագետը:
Դավիթ Մերաբիշվիլին չի կարող նախապես ասել, թե երբ կհրապարակվի հանձնաժողովային հետաքննության որոշումը։ Նա ասում է, որ գործընթացը կարող է տևել մեկ-երկու ամիս:
Դատաբժշկական փորձաքննության գրավոր եզրակացությունն մահացածի ընտանիքը մինչ օրս չի ստացել։ 19-ամյա զինծառայողի հայրն մեզ հետ զրույցում ասում է, որ փորձաքննության պատասխանը նրանց համար անընդունելի է:
«Բանավոր լսեցինք դատաբժշկական եզրակացությունը, մեզ զանգահարեցին, տեղեկացրին ու այս պատասխանը մեզ համար գոհացուցիչ չէր, սպասում ենք այլ պատասխանի, պատրաստվում ենք բողոքարկել»,- ասում է մահացածի հայրը՝ Արտակ Սահակյանը։
Նոյեմբերի 18-ին մահացել է նորակոչիկ զինծառայող, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչ Սարգիս Սահակյանը։ Սարգիսը մահացել է ստամոքսի վիրահատությունից մի քանի օր անց։
Նշենք, որ 19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում։ Նոյեմբերի 11-ին Ախալցխայի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել։ Ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս է գրվել, սակայն կլինիկան հիվանդից պահանջել է վերադառնալ զինվորական հոսպիտալ։ Տղան տանը մնացել է մեկ օր, որից հետո նրան կրկին տեղափոխել են բանակային բազա: Նոյեմբերի 18-ին, ժամը 13:30-ի սահմաններում, զանգահարել են ընտանիքին և հայտնել, որ զինծառայողը մահացել է։
Ախալքալաքում մահացել է 19 -ամյա զինծառայող՝ Փոկա գյուղից