Խոսպիո գյուղում գործող «Green Way» մեքենաների տեխնիկական զննման կենտրոնում անվերջանալի թվացող հերթեր են։ Ընկերությունը տեխզննումն իրականացնում է նախնական առցանց գրանցմամբ, չնայած դրան Խոսպիոյում օրերով հետաձգում են գրանցվածներին ընդունել և հետ ուղարկում, ասելով՝ վաղը եկեք։
Բազմաթիվ բողոքներից հետո, խնդրի հետքերով Jnews-ը ուղևորվեց Խոսպիոյի մեքենաների տեխնիկական զննման կենտրոն։ Մենեջերի հետ զրույցում պարզվեց, որ գրանցումը ոչ միայն առցանց այլ նաև տեղում են կատարում։
«Դիմողները շատ են, հերթագրվում են օնլայն, ինչպես նաև տեղում մենք ենք հերթագրում, գրանցման ժամից հնարավոր է կես ժամ կամ 15 րոպե ուշ մտնեն տեխզննման, բայց մեծ մասամբ նույն ժամին ենք ընդունում, երե ունենում ենք տեխնիկական խնդիրներ, ապա օրը տեղափոխում ենք։ Մեկ մեքենայի տեխզննման համար ամենաշատը 15 րոպե է պահանջվում, հերթերը երբեք չենք խառնում: Դիմողները շատ-շատ են, կան դեպքեր երբ հեռու գյուղերից են գալիս ու չգիտեն գրանցման ձևը, նրանց նույնպես ընդունում ենք», – Jnews-ի հետ զրույցում ասաց Խոսպիոյի «Green Way» մեքենաների տեխնիկական զննման կենտրոնի մենեջեր Մանուչար Բերիձեն:
Չնայած նրան, որ կենտրոնի մենեջերը հերքեց հերթերը հետաձգելու փաստը, հերթում գտնվող անձիք հակառակն էին պնդում:
«Այսօր ժամը 10-ին էի գրանցված հերթս փոխեցին մինչև ժամը 17։30-ին, արդեն մի քանի օր է հերթի մեջ եմ անընդհատ հետ են ուղարկում, ասում են՝ վաղը եկեք։ Կամ ժամանակին ընդունեն կամ հերթագրվածներին չտուգանեն, մինչև հերթս հասնի տուգանքը նորից կգա», – Jnews-ի հետ զրույցում ասաց հերթում գտնվող Սերգեյ Այվազյանը:
«Արդեն 3-րդ օրն է գնում եմ գյուղ նորից գալիս, հերթագրվել եմ 4 օր առաջ, առաջին օրն ասացին լույս չունենք, վաղը եկեք, հաջորդ օրը առավոտ ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 20։00 սպասել եմ, բայց հերթս չհասավ, 3-րդ օրը երեկոյան վերջապես ընդունեցին, թեժ գիծ էլ զանգեցի, ասացին տեղում պարզաբանեք։ Չգիտեմ ի՞նչ է կատարվում, էլ ինչի համար է հերթագրումը, եթե ուշադրություն չեն դարձնում», – հարցին պարզաբանում տալու խնդրանքով դիմում է Jnews-ի կարդացողներից մեկը: jnews.ge