ՋԱՀ-ը վերականգնում է նաեւ Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասը․ հայտարարվել է դրամահավաք

ՋԱՀ-ը վերականգնում է նաեւ Վահան Տերյանի տուն-թանգարանի հուշային մասը․ հայտարարվել է դրամահավաք

Փետրվարի 9-ին, լրացավ հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 137-ամյակը։ Ջավախքի Գանձա գյուղում գտնվող նրա տուն-թանգարանը առանձնակի պահպանման եւ վերականգնման անհրաժեշտություն ունի: Ուրախություն տերյանասերների՝ 2021 թ․ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հետեւողական ջանքերի շնորհիվ  Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի հատվածը արդեն իսկ վերականգնվել եւ հանձնվել է մշակութասերների դատին:  Հիմնադրամը մեկնարկել է նաեւ տուն-թանգարանի  հուշային մասի վերականգնումը, ինչի առթիվ հայտարարվել է դրամահավաք:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ՋԱՀ-ն առանձնահատուկ կարեւորություն է տալիս մշակութային կառույցների պահպանմանն ուղղված ծրագրերին: Նրա խոսքով՝ Տերյանը, ապրելով 35 տարի, թողել է հսկայական ժառանգություն, եւ այն պահպանելու լավագույն ձեւերից մեկը տուն-թանգարաններ հիմնադրելն է:

«Մենք 2016-2017 թթ. Ջավախքի իր հայրենի Կարծախ գյուղում հիմնադրեցինք աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, իսկ 2021 թ. բարերարների հետ համագործակցությամբ կարողացանք վերականգնել Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը: Այն գտնվում էր անմխիթար վիճակում, նույն ճակատագրին է արժանացել նաեւ հուշային հատվածը»,-նշեց Մկոյանը:

Վահան Տերյանի տուն-թանգարանը ՋԱՀ-ը վերականգնում է երեք փուլով: Առաջին փուլն անցած տարի լիովին իրականացրել են: Մկոյանը շեշտում է՝ մարդիկ մեծ ոգեւորությամբ են այցելում, քանի որ ցուցասրահում Տերյանը ներկայացվում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ժամանակակից ցուցադրությամբ: Բանաստեղծի կյանքը ներկայացված է եռաշերտ ձեւաչափով:  Վահան Տերյանի կյանքի  ամբողջ շրջանը ցուցադրվում է նկարներով, պատկերներով։ Անիմացիաների միջոցով հնարավոր է անգամ Տերյանին կենդանություն տալ. օգտագործվել է «ARLOOPA» հավելվածը։ Ցուցադրվող առարկաները հիմնականում գրքային են, մեծ արժեք է ներկայացնում նաեւ Քոչարի արձանը։

«Այս պահին սկսել ենք երկրորդ փուլի աշխատանքները՝ հուշային մասի վերականգնումը: Որպես խորհրդանշական օր՝ այսօրվանից ազդարարում ենք երկրորդ փուլի դրամահավաքի մասին: Կոչ եմ անում բոլոր տերյանասերներին՝ ովքեր ուզում են Վահան Տերյանին հարիր տուն-թանգարան ունենալ նրա ծննդավայրում, թո՛ղ միանան ՋԱՀ-ի նախաձեռնությանը, ունենալ իրենց մասնակցությունը, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել երկրորդ փուլը: Երրորդ փուլով նախատեսվելու է ամբողջ համալիրի վերակառուցումը»,-տեղեկացրեց Մկոյանը:

Երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: ՋԱՀ-ի կայքէջի միջոցով հնարավոր է անգամ  100 դրամ ներդրում ունենալ կամ այցելել հիմնադրամի գրասենյակ, մասնակցել դրամահավաքային միջոցառումներին: yerkir.am