Բաթումում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել են «Միասնական ազգային շարժման» մի քանի կողմնակիցներ եւ անդամներ, գրում է «Նովոստի Գրուզիան»։
Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն այսօր առավոտյան հավաքվել էին Hilton հյուրանոցի մոտ, որտեղ ընթանում էր իշխող «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության հիմնադիր հանդիպումը։
Ցույցի մասնակիցները հանդիպում էին պահանջում «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ Իշխանությունների ընդդիմախոսները նրան կոչ էին անում պատասխանել Բաթումի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) պատգամավոր Նուգզար Պուտկարաձեի մահվան հետ կապված հարցերին: Իշխող կուսակցության առաջնորդը հրաժարվեց ցուցարարների մոտ դուրս գալուց։
Երբ ցույցի մասնակիցները տեղափոխվեցին նիստերի դահլիճ, որտեղ տեղի էր ունենում կուսակցական միջոցառումը, հյուրանոցի տարածքից նրանց սկսեցին դուրս բերել ոստիկանները։ Իրավիճակը բազմիցս թեժացել է՝ վերածվելով բախումների։
Արդյունքում առնվազն 10 մարդ ձերբակալվել է վարչական կարգով։ Նրանք մեղադրվում են իրավապահ մարմինների աշխատակիցների պահանջներին չենթարկվելու մեջ (Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդված)։ «Մտավարի» հեռուստաալիքի տեղեկություններով ՝ ձերբակալվածների թվում կան Բաթումի սակրեբուլոյի պատգամավորներ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից։
Ներկայումս իրավիճակը հանգիստ է, սակայն տեղում դեռ մնում է ոստիկանությունը, գրում է պարբերականը։ news.am