Երեխաները նույնպես վարակվում են կորոնավիրուսով եւ կարող են բարդություններ ունենալ դրա պատճառով, բայց նրանք շատ ավելի քիչ են վիրուս արտազատում, քան մեծահասակները։ Այս մասին տեղեկացվում է Բեռլինի գիտնականների խմբի հետազոտությունում։
Ինչպես նշում է Medportal.ru-ն, հետազոտությանը մասնակցել են 8-10 տարեկան 15 երեխա եւ 23-64 տարեկան մեծահասակ կամավորականներ։ Լազերային չափիչի օգնությամբ գիտնականները չափել են աերոզոլային այն մասնիկների քանակությունը, որոնք օդի մեջ են հայտնվում շնչելիս, խոսելիս, երգելիս եւ բղավելիս։ Գիտնականները գնահատել են նաեւ այդ մասնիկների տարածման արագությունը։
Պարզվել է, որ մեծահասակների համեմատ երեխաների մոտ մասնիկների արտազատման ինտենսիվությունը 4,3 անգամ ավելի փոքր է շնչելիս, խոսելիս եւ երգելիս, իսկ այդ մասնիկների տարածման արագությունը 5 անգամ ավելի ցածր է։ Ընդ որում՝ բղավելու ժամանակ մասնիկների արտազատման ծավալի էական տարբերություն խմբերի միջեւ չի եղել։
Գիտնականների կարծիքով՝ այս տվյալները կարող են բացատրվել երեխաների եւ մեծահասակների շնչառական օրգանների անատոմիաների տարբերությամբ։ Օրինակ, երեխաների մոտ թոքերի չափերն ավելի փոքր են, իսկ ձայնալարերն՝ ավելի կարճ։ Այս առանձնահատկությունները վարակման դեպքում երեխաների մոտ կարող են նաեւ կապված լինել ավելի քիչ վիրուսային բեռնվածության հետ, հենց այդ պատճառով էլ նրանք վարակի հանդեպ այնքան էլ ընկալունակ չեն եւ հաճախ այն հաղթահարում են ախտանշաններ չունենալով։