Միջազգային Fitch գործակալությունը կանխատեսում է Ռուսաստանի դեֆոլտը։ Ռուսաստանի իշխանությունները փորձում եմ պայքարել արևմտյան պատժամիջոցների դեմ և դիմում են Ռուսաստանի նորագույն պատմության համար աննախադեպ միջոցների։
Այն բանից հետո, երբ երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները նավթային էմբարգո է հայտարարել Ռուսաստանին, Կենտրոնական բանկը այսօրվանից մինչև սեպտեմբերի 9-ը արտարժութային ավանդներից կամ քաղաքացիների հաշիվներից միջոցների օգտագործման նոր կարգ սահմանեց: Այսուհետ քաղաքացիները կարող են իրենց ավանդից կանխիկացնել մինչև 10 հազար դոլար, իսկ մնացած միջոցները հնարավոր կլինի կանխիկացնել միայն ռուբլով՝ օրվա շուկայական փոխարժեքով։
Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հաճախորդների բոլոր միջոցները արտարժութային հաշիվներում պահպանվելու են, սակայն դրանց կանխիկացումը սահմանափակվելու է 10 հազար դոլարի չափով, իսկ եթե ավանդը արտահայտված է այլ արժույթով, ապա հաճախորդին ամեն դեպքում բանկը կարող է տրամադրել միայն ԱՄՆ դոլար՝ սահմանված չափով։
Ավելին՝ բանկերին այսօրվանից արգելվել է դոլար վաճառել բնակչությանը. քաղաքացիները կարող են դոլար վաճառել, գնել չեն կարող: Մինչ այդ էլ իշխանությունները արգելել էին 10 հազար դոլարը գերազանցող ցանկացած փոխանցումներն արտերկիր բոլոր ընկերությունների համար, քաղաքացներն էլ արտերկրում ապրող իրենց հարազատներին կարող են փոխանցել միայն հինգ հազար դոլարը չգերազանցող գումար։
Ռուսական ռուբլին, իհարկե, միանգամից արձագանքել է՝ հերթական հակառեկորդը սահմանելով։ Դոլարն այսօր բորսայում արդեն 127 ռուբլի է։ Երեկ Ռուսաստանում գործունեությունը կասեցնելու մասին հայտարարել են ռուսաստանցիների համար Արևմուտքի խորհրդանիշ համարող ընկերությունները ՝ McDonald’s-ը, Coca-Cola-ն և Starbucks։ azatutyun.am