Բոտուլիզմ՝ ի՞նչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

Բոտուլիզմ՝ ի՞նչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

Ամռանը պահածոյացրած մթերքը ձմռան ամիսների ամենահամով պաշարն է։ Տնային պայմաններում երբեմն մեծ քանակության պահածոյացված միրգ-բանջարեղենը մինչև գարուն սպառելու համար չի լինում։ Ու ստացվում է, որ ամռան փուշի ու ձմռան նուշի միտքն աղավաղվում է։ Հին ու նոր պահածոները խառնվում են իրար, իսկ դրանք ուտելն արդեն վտանգավոր է։

Բժիշկ-մասնագետները փակ տարայում զարգացող բոտուլինային թույնն համեմատում են օձի թույնի հետ՝ 30․000 անգամ ուժեղ ազդեցություն ունի։

 News.am Medicine –ը պարզել է, թե ինչ է իրենից ներկայացնում բոտուլիզմը, ինչով է այն այդպես վտանգավոր, ինչպես կարելի է վարակվել եւ ինչպես խուսափել վարակումից:

Բոտուլիզմի հարուցիչ

Բոտուլիզմի հարուցիչը՝ բոտուլիզմի կլոստրիդիան (Clostridium botulinum), ապրում է հողում: Ինքն իրենով այն վտանգ չի ներկայացնում, սակայն թթվածնի ցածր պարունակությամբ միջավայրում նրա արտադրած թունանյութը՝ բոտուլոտոքսինը, շատ վտանգավոր է:

Ուրախալի է այն, որ այդ տոքսինը մասնակի քայքայվում է մինչեւ 70-80 աստիճան ըստ Ցելսիուսի տաքացնելիս, իսկ 5-15 րոպե եռացնելուց հետո քայքայվում է ամբողջությամբ: Սակայն աղե-ստամոքսային ուղու ֆերմենտներն այն չեն քայքայում, այնպես որ, օրգանիզմ ընկնելով, այն ներծծվում է արյան մեջ ստամոքսի եւ աղիների լորձաթաղանթից եւ ախտահարում նյարդային համակարգի տարբեր հատվածներ՝ առաջացնելով շնչառական մկանների, կոկորդի եւ ըմպանի մկանների կաթվածներ: Այսպիսով՝ ոչ ժամանակին բուժման դեպքում բոտուլիզմը կարող է մահացու լինել:

Առավել հեշտ բոտուլիզմի հարուցիչը բազմանում է՝ բոտուլոտոքսիններ սինթեզելով, պահածոներում, պահածոյացված բանջարեղենում, երշիկում եւ խոզապուխտում՝ այսինքն այն սննդամթերքներում, որտեղ թթվածնի պարունակությունը քիչ է: Այսպիսով, բոտուլիզմով կարելի է հեշտությամբ վարակվել՝ սննդի մեջ օգտագործելով վերը նշված մթերքները (հիշեցնենք, որ Հայաստանում վերջին ժամանակներս բոտուլիզմով վարակված բոլոր հիվանդները կերել էին տնային պայմաններում պատրաստված պահածոյացված բանջարեղեն): Կարող են լինել երկու բացառություն՝ երբեմն բոտուլիզմով կարելի է վարակվել վերքի միջոցով, երբ նրա մեջ հող է լցվում՝ վերքային բոտուլիզմ, եւ բացի դրանից շատ հազվադեպ հանդիպում է կրծկեր երեխաների բոտուլիզմ՝ որոնց մոտ այս տոքսինն արտադրվում է աղիներում:

Բոտուլիզմի ախտանիշները

Ինկուբացիոն (գաղտնի) շրջանը բոտուլիզմի դեպքում տեւում է մի քանի ժամից մինչեւ մի քանի օր, սակայն համարվում է, որ ինչքան ավելի ծանր է հիվանդությունը, այնքան ավելի կարճ է գաղտնի շրջանը:

Առավել հաճախ հիվանդությունը սկսվում է հետեւյալ ախտանիշներից, որոնք մարդիկ հազվադեպ են ընդունում որպես բոտուլիզմ.

Սրտխառնոց

Փսխում

Կծկումանման ցավեր որովայնում

Ջրիկ կղանք

Բարձր ջերմություն

Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, առաջին շրջանից հետո՝ որը ավելի շատ նման է թունավորման, քան բոտուլիզմի, հիմնականում սկսվում են ուժեղ փորկապություն, չորություն բերանում, մշտական թուլություն, գլխացավ, գլխապտույտ եւ տեսողության տարբեր խանգարումներ:

Այս փուլում հիվանդին անհրաժեշտ է հոսպիտալացնել եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ, հակառակ դեպքում՝ շարունակելով զարգանալ, հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, կբերի շնչառական կաթվածի եւ հիվանդի մահվան: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ բոտուլիզմով հիվանդացությունը ցածր է, սակայն 5-10% դեպքերում այն ավարտվում է մահացու ելքով:

Ինչպես կանխարգելել բոտուլիզմը

Քանի որ բոտուլիզմով ավելի հաճախ հիվանդանում են տնային պահածոներ օգտագործելիս, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը առաջին հերթին խորհուրդ է տալիս զգույշ լինել պահածոյացված մթերքի հետ, իսկ լավագույն դեպքում ընդհանրապես այն չօգտագործել:

Աշխատեք չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ

Խուսափեք անհայտ ծագումով, անհայտ պայմաններում պատրաստված պահածոներից

Եթե պատրաստվում եք տնային պահածոներ ուտել, ապա նախօրոք դրանք եռացրեք (20-25 րոպե)

Առաջին իսկ ախտանիշների, կամ բոտուլիզմով վարակման առաջին իսկ կասկածի դեպքում բժշկի դիմեք: Ցանկացած դեպքում ավելի լավ է ստուգվել եւ հերքել բոտուլիզմի ախտորոշումը, քան հիվանդանալ դրանով եւ հայտնվել բժիշկների մոտ չափազանց ուշ: