Թբիլիսիում մահացած է գտնվել Ախալքալաքի բնակիչ Ն.Ն.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Թբիլիսիում, որտեղ նա վերջերս ապրում էր ընտանիքի հետ, խաղատներից մեկում պարտվելուց հետո Ն.Ն.-ն իր ֆեյսբուքյան էջում հրաժեշտի ուղերձ է գրել ընտանիքին ու ընկերներին, և անհետացել է՝ անջատելով հեռախոսը։ Նրա ծանոթների խոսքերով՝ ոստիկանները նրան հայտնաբերել են կախված։ Jnews-ին Վրաստանի ՆԳՆ-ում տեղեկությունը դեռևս չի հաջողվել ճշտել։
Ն.Ն.-ի դին, ինչպես հաղորդեցին նրա ծանոթները, կբերվի Ախալքալաք՝ մահացածին այստեղ հուղարկավորելու նպատակով։ Նա ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
Մինչ Ն.Ն-ին կհայտնաբերեին մահացած՝ նա գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր ծանոթներից ու անծանոթներից, նրանցից, ում երբևէ ես վիրավորել եմ՝ կամա թե ակամա։ Նրանցից, ում ես վիրավորել եմ, խաբել եմ։ Հատկապես ընտանիքիցս, մորիցս, երեխաներիցս ու բոլոր նրանցից, ովքեր հավատացել են ու հույսները դրել են իմ վրա։ Նատա, ես քեզնից ամեն ինչ խլել եմ, բայց ի՞նչ կարող եմ ես անել։ Ես չկարողացա հաղթահարել: Ես թույլ էի, շատ թույլ, կամ մոլուցքս էր շատ ուժեղ, մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ։ Երևի սա էր իմ ճակատագիրը։ Ներիր ինձ, եթե երբևէ դու դա կկարողանաս: Ոչ մեկին ոչ մի բանում երբեք չմեղադրեք, ամեն ինչում ես եմ մեղավոր։ Երեխաներ, ես ձեզ շատ-շատ սիրում եմ: Հոգ տարեք մայրիկի մասին, մի հուսահատվեք, հուսով եմ լավ երեխաներ կդաստիարակես, ուժեղ, այլ ոչ թե թույլ՝ ինձ նման։ Չեք պատկերացնում, թե ինչպես եմ ուզում նորից բոլորիդ գրկել և պահել սրտիս մեջ: Մնաք բարով, ես ձեզ արժանի չէի»։
Jnews-ը ցավակցում է մահացածի հարազատներին, ինչպես նաև ներողություն է խնդրում նրանցից անձնական ողբերգությունը հրապարակելու համար։ Գուցե սա օգնի ոմանց հաղթահարել իրենց խաղամոլությունը և ողջ մնալ: Jnews.ge