Վրաստանում մորը և որդուն մահացած են գտել մեկ օրվա տարբերությամբ

Վրաստանում մորը և որդուն մահացած են գտել մեկ օրվա տարբերությամբ

Խաշուրիում 50-ամյա տղամարդուն և նրա մորը մահացած են գտել մեկ օրվա տարբերությամբ։ Այս մասին հայտնում է Pirveli հեռուստաընկերությունը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ Վեներա Գոնգաձեն որդուն գտել է տանը՝ կոկորդը կտրած։ Փաստի առթիվ տարեց կնոջը ոստիկանությունում հարցաքննել են, որից հետո նա չպարզված հանգամանքներում մահացել է փողոցում։

Գոնգաձեի մարմինը հայտնաբերվել է քաղաքի կենտրոնում՝ ավտոճանապարհին։ Վարկած կա, որ նա մահացել է վրաերթի ենթարկվելուց հետո։

Հարևանները կասկածում են, որ երկու մահերն էլ պատահական չեն եղել։ Մայր ու որդի հաշմանդամություն ունեցող անձինք են։ Նրանց ամենամոտ ազգականները տարիներ առաջ մեկնել են արտագնա աշխատանքի։ Ընտանիքի ընկերը լրագրողներին պատմել է, որ Գոնգաձեն և նրա որդին բազմիցս ենթարկվել են ֆիզիկական բռնության մի երիտասարդի կողմից, ով ապրում էր հարեւան տանը: Նա, սակայն, մանրամասներ չի հայտնել։

Վրաստանի ՆԳՆ-ն 50-ամյա տղամարդու մահը հետաքննում է «ինքնասպանության դրդելու» հոդվածով։ Թե ինչ հոդվածով է որակվել նրա մոր մահվան դեպքը, Pirveli-ն չի հստակեցնում։