Ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է ավստրա-ռումինական OMW Petrom ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է OMW Petrom-ի գործունեությունը Վրաստանում, որը նախատեսում է Վրաստանի սևծովյան ավազանում գտնվող բնական գազի պաշարների հայտնաբերման գործընթացի մեկնարկը։
Վերոնշյալ ընկերությունը Ռումինիայում արդեն զբաղվում է Սև ծովից բնական գազի արդյունահանմամբ։
Վրաստանում իրականացվելիք նախագծի արժեքը 30 մլն դոլար է։
«Փորձագետների գնահատականներով՝ Սևծովյան մայրցամաքային հատվածում (տարածքը՝ 5 228 քառ. կմ.) բնական գազի զգալի պաշարներ կան։ Հաջորդ տարվա ընթացքում OMW Petrom-ը կիրականացնի եռաչափ սեյսմիկ ուսումնասիրության աշխատանքներ: Վրաստանը կմիանա այն երկրների թվին, որտեղ նավթի և գազի արդյունահանում է իրականացվում Սև ծովի ավազանում` սկսելով նավթի և գազի որոնման, արդյունահանման և մշակման աշխատանքներ» — նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ aliq.ge