Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Վրաստանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել պատժամիջոցային բեռների տեղափոխման համար»։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ աբսուրդ է Ուկրաինայի ռազմական հետախուզության մեղադրանքը՝ Վրաստանի տարածքով մաքսանենգ բեռների փոխադրմանը Վրաստանի կառավարության մասնակցության վերաբերյալ։
«Ինձ համար շատ ցավալի էր նման զրպարտիչ մեղադրանքներ լսելը։ Հասկանալի է, որ սա քաղաքական դրդապատճառներով հայտարարություն էր, ոչ մի ապացույց, ոչ մի փաստ չներկայացվեց։ Հատկապես անհեթեթ է այն մեղադրանքը, թե դրանում խառնված է իշխանությունը», — ասել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլին նաև նշել է, որ իրավասու մարմինների կողմից մի շարք հայտարարություններ են արվել Վրաստանի տարածքով ապրանքների մաքսանենգության մասին մեղադրանքների վերաբերյալ։
Վարչապետը Ուկրաինային և ուկրաինացիներին մաղթել է ավերիչ պատերազմի շուտափույթ ավարտ, որը «մեծ մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի և ողջ աշխարհի համար»։
Նշենք, որ օրեր առաջ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել էր Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում: aliq.ge