Գերմանիան մերժել է գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը․ Bloomberg

Գերմանիան մերժել է գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը․ Bloomberg

Ռուսական բնական գազ գնող ընկերությունները չպետք է ռուբլով հաշիվներ բացեն դրա դիմաց վճարելու համար, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, փոխանցում է Bloomberg-ը։

«Պայմանագրերը մնում են պայմանագրեր»,- ասել է Լինդները Bloomberg Television-ին տված հարցազրույցում: «Պայմանագրերը դոլարով եւ եվրոյով են կնքված, ուստի մասնավոր ընկերությունները դոլարով կամ եվրոյով պետք է վճարեն»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրայթը չորեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը դեռեւս դիտարկում է ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը։ Հետեւանքների շուրջ քննարկումները շարունակվում են ԵՄ գործընկերների եւ Եվրահանձնաժողովի՝ դաշինքի գործադիր մարմնի հետ, ասել է նա:

Լինդները Bloomberg TV-ին ասել է, որ Գերմանիան եւ նրա դաշնակիցները նաեւ «պատրաստ են Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներին»: Նա շրջանցել է այն հարցը, թե արդյոք նավթը պետք է ներառվի պատժամիջոցների մեջ՝ վկայակոչելով միջոցառումների վեցերորդ փաթեթի շուրջ ԵՄ անդամների միջեւ ընթացող բանակցությունները։

«Մենք վճռականորեն աջակցում ենք բոլոր պատժամիջոցներին, որոնք մեկուսացնում են Ռուսաստանին քաղաքական եւ տնտեսական առումով»,- ասել է նա։ «Մենք պետք է մտածենք, թե որ պատժամիջոցներն են հարվածել Պուտինի դրամապանակին, եւ որ պատժամիջոցները կարճաժամկետ հեռանկարում մեզ ավելի շատ կվնասեն, քան նրան»,- հավելել է նա։ «Բոլոր պատժամիջոցներին, որոնք այժմ եւ տեսանելի ապագայում ավելի շատ են վնասում նրան, քան մեզ եւ միջազգային հանրությանը, մենք լիովին աջակցում ենք»: news.am