Շմոլ գազից թունավորված 6–ամյա աղջկա կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել

Շմոլ գազից թունավորված 6–ամյա աղջկա կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել

Նախնական տվյալով, Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց արդեն մահացած վիճակում տեղափոխված 6–ամյա աղջիկը թունավորվել է շմոլ գազից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանը։

«Երեխան մահացած վիճակում Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել երեկ ժամը 19։04–ին։ Տանը փորձել են երեխային օգնություն ցույց տալ, հիվանդանոցում մեր վերակենդանացման բաժանմունքի վարիչը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, որից հետո սրտի բաբախը վերականգնվել է եւ երեխային է միացվել արհեստական շնչառական ապարատը։ Երեխան գիտակցության չէր եկել, միայն սրտի բաբախն է եղել։

Դեղորայքի միջամտությամբ պահվել է սրտի բաբախը, նույնիսկ կոնսուլիում է արվել Հանրապետության գլխավոր մասնագետների հետ, բայց 3–ից 4 ժամ անց գրանցվել է սրտի կանգ, երեխան իրականում ծայրահեղ ծանր վիճակում է եղել»,– ասաց Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Նա հավելեց, որ ըստ տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել եւ դուրս է եկել լոգարանից։

«Մորը օգնություն են ցույց տվել, հետո արդեն լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել երեխային»,– փոխանցեց Հովհաննես Վարձելյանը։

Նշենք, որ փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։