Ինչպես կարելի է ստանալ սահմանափակ կարողություն ունեցող անձի կարգավիճակ

Ինչպես կարելի է ստանալ սահմանափակ կարողություն ունեցող անձի կարգավիճակ

Սահմանափակ կարողություն ունեցող անձի կարգավիճակ կարող են ստանալ այն անձինք, ովքեր հետազոտվել են և ունեն կարգավիճակ շնորհելու ենթակա հիվանդացության վերաբերյալ բժշկի եզրակացություն։ Այս եզրակացությունն անձը պետք է ներկայացնի Ախալքալաքի հիվանդանոցի բժշկական փորձաքննության հանձնաժողովին։

Ախալքալաքի մունիցիպալիտետում շատերի համար կարգավիճակ ստանալը խնդիր է, քանի որ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկական փորձաքննության հանձնաժողովը մարդկանց սահմանափակ կարողության կարգ տալիս է կլինիկական եզրակացության հիման վրա։ Կլինիկական եզրակացություն կարող է տալ միայն այն կլինիկան, որտեղ մարդն անցնում է ամբողջական հետազոտություն։

Շատերը ֆինանսական պայմանների պատճառով, ոմանք էլ՝ լեզվական խոչընդոտի կամ այլ պատճառներով չեն մեկնում Թբիլիսի, ինչի արդյունքում չեն կարողանում կարգ ստանալ և զրկվում են իրենց հասանելիք պետական նպաստից։

Jnews-ը որոշեց ճշտել, թե ինչպես կարելի է ստանալ այդ կարգավիճակը։

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում, ինչպես նաև Ախալցիխեում, նման հետազոտություն անցնելն անհնար է։ Կլինիկական եզրակացությունը ստանալուց հետո անձին տրվում է ախտորոշման «100 Ձևաթուղթ»-ը, որը նա պետք է ներկայացնի Ախալքալաքի հիվանդանոց։

«Եթե ախտորոշումը համապատասխանում է մեր հրահանգին, բոլոր ախտորոշումները պետք է համապատասխանեն մեր հրահանգին, ապա մենք մարդուն ուղարկում ենք համապատասխան դիմում գրելու, հետո հանձնաժողով է անցկացվում, որը որոշում է անձին հաշմանդամության կարգ հասնում է, թե ոչ։ Եթե այն որոշի, որ գրված ախտորոշումը ճիշտ է, ապա լրացվում են համապատասխան փաստաթղթերը և ուղարկվում Սոցիալական ապահովության գործակալություն»,- ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկական փորձաքննության հանձնաժողովի անդամ, թերապևտ Սոֆյա Ալվարյանը։

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկված են հիվանդանոցի բժիշկները, իսկ հանձնաժողովի նախագահը հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն է։

Եթե անձը կլինիկական հետազոտություն է անցել, դա չի նշանակում, որ նրան հասնում է կարգավիճակ, սակայն այն ստանալու համար կլինիկական եզրակացության ներկայացումը պարտադիր է։

Կան I, II և III «հաշմանդամության կարգեր»: Մինչև 18 տարեկան երեխաները կարգեր չունեն, 18-ից հետո նրանք կրկին հետազոտվում են և հաստատվում է նրանց կարգը։

Հաշմանդամության կարգ ունեցող անձինք պետք է ամեն տարի վերահետազոտվեն և հաստատեն իրենց կարգերը:

Որոշ հիվանդությունների դեպքում կարգը հավաստագրվում է առանց ժամկետի, իսկ կան հիվանդություններ, որոնց դեպքում «առանց ժամկետի» հավաստագրումը ստանում են 5 տարի անց, իսկ որոշ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է ամեն տարի անցնել հետազոտություն և սահմանափակ կարողություն ունեցող անձի կարգավիճակ ստանալու ընթացակարգը:jnews.ge