Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ամպրոպներ, հորդառատ անձրևներ, քամու փոթորկային պոռթկումներ, տորնադո. «Էմմելինդե» ցիկլոնը, որը մայիսի 20-ին անցել է Գերմանիայի արևմուտքով, հանգեցրել է ավերածությունների և զոհերի։ Ըստ dpa գործակալության, աղետից ամենաշատը տուժել է Գերմանիայի ամենախիտ բնակեցված դաշնային հողը՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիան։
Ոստիկանության տվյալներով՝ միայն Պադերբորնում, որին հարվածել է տորնադոն, բուժօգնության է դիմել 43 մարդ։ Նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ կոմունալ ծառայությունները մեծ աշխատանք ունեն անելու փլատակները մաքրելու համար։ Պադերբորն արդյունաբերական տարածքին հասցված վնասի գնահատումը շարունակվում է:
Հաղորդվում է նաև մոտակա Լիպշտադտ քաղաքում ծանր հետեւանքների մասին: Այնտեղ փոթորիկը տապալել է եկեղեցու սրածայր գագաթը, և ավելի քան 100 մարդ արգելափակվել է տեղական բաց լողավազանում այն բանից հետո, երբ ընկած ծառերը փակել են ելքը:
Ռեյնլանդ-Պֆալց և Սաար դաշնային հողերում լուրջ ավերածություններ չեն գրանցվել՝ չնայած ուժեղ ամպրոպին։ Ոստիկաններն ու փրկարարները հայտնել են միայն մի քանի տապալված ծառերի, կարկուտից վնասված մեքենաների և նկուղների հեղեղումների մասին։ Ոստիկանությունը հայտնել է նաև մեկ զոհի մասին։ 38-ամյա տղամարդն, ըստ ամենայնի, հոսանքահարվել է հեղեղված նկուղ մտնելիս, որից հետո ընկել է ու գլխին հարված ստացել։
Կենտրոնական Ֆրանկոնիայում (Բավարիայի դաշնային հող) տուժել է 14 մարդ, այդ թվում՝ մի քանի երեխա։ Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ մի քանի հանգստացողներ փոթորկի պատճառով պատսպարվել են մոտավորապես 85 քառակուսի մետր մակերեսով խրճիթում, որն այնուհետև կողքի է շրջվել:
Սաքսոնիա դաշնային հողում Rammstein խումբը կես ժամով ընդհատել է համերգը Լայպցիգում ամպրոպի պատճառով։ Շոուի 45-րդ րոպեին հանդիսատեսին խնդրել են հեռանալ ասպարեզից և թաքնվել: Սակայն 15 րոպե անց երկրպագուներին թույլ են տվել վերադառնալ, հայտնում է Deutsche Welle-ն։ 1in.am