Երեկ՝ մայիսի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանուշ Մ-ն էր։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տվյալներ են ստանում սպանություն կատարողի մասին, ու մինչ ոստիկանները փնտրում էին նրան, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։
Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկում ոստիկանության Մուշի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: